Ադրբեջանական զինուժը երրորդ օրն է՝ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Արցախի ճակատային Խրամորթ գյուղում: Բարձրախոսով հայերեն սպառնում են գյուղացիներին՝ նրանցից պահանջելով լքել գյուղը:
Զորիկ Աբրահամյան (Արցախի Խրամորթ համայնքի ղեկավար) - Լքեցեք, լքեցեք, լքեցեք, մի քանի անգամ կրկնում են նույն բառը, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ համար: Հետո հետևանքների համար դուք եք պատժվելու: Մենք պատասխան չենք տալու՝ լքեցեք, լքեցեք, լքեցեք:
Ադրբեջանական սադրանքների մասին համայնքի ղեկավարը տեղեկացրել է Արցախի իրավապահներին ու ռուս խաղաղապահներին: Նրանք վստահեցրել են, որ խնդիրը կլուծեն:
Զորիկ Աբրահամյան - Թե բանակցություններն ինչպիսի ոճով կընթանան, արդյունքները կիմանանք երկուշաբթի, երեքշաբթի օրը:
Գյուղը լքելու տրամադրություն Խրամորթում չկա ու չի էլ լինելու, ասում են գյուղացիները: Նրանց համար արդեն ադրբեջանական սադրանքները նորություն չեն: Մինչև այդ խոչընդոտել են այգիներում նրանց աշխատանքը:
Լարիսա Հարությունյան (Արցախի Խրամորթ համայնքի բնակիչ) - Գնալու մասին չեմ մտածում, ես ուզում եմ մեր գյուղում մնամ, այստեղ ապրենք:
Նաիրա Հարությունյան (Արցախի Խրամորթ համայնքի բնակիչ) - Որ գնացել եմ գործի, եկել են, շատ սովորական կանգնել են մեր կողքը՝ հրաման տալով, թե մեր հողն է, իրավունք չունեն այստեղ աշխատելու: Եթե դուք ձեր հոժար կամքով դուրս չգաք, մենք արդեն դիմելու ենք ուրիշ քայլերի:
Սպառնալիքը Խրամորթում մթնոլորտ չի փոխում. միակ մտահոգությունը երեխաներն են: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղը տեսել է ադրբեջանցիների վայրագությունները՝ ավերված տները դեռ չեն նորոգել:
Զորիկ Աբրահամյան - Ճիշտ է երեխաները վախենում են, պետք է մտածենք մենք երեխաների ապագայի մասին, որ կրկին չվախենան: Բայց տրամադրությունն այնպիսին է, որ ժողովուրդը բանի տեղ չի դնում նրանց այդ ձայնագրությունները:
Մասիս Բաղդասարյան (Արցախի Խրամորթ համայնքի բնակիչ) - Ես էլի գնալու եմ իմ տնտեսական աշխատանքն իրականացնեմ՝ իմ հայրենիքում, իմ գյուղում, իմ գյուղացիների հետ: Գյուղացիներն ահազանգում են՝ մոտ 2,5 կիլոմետրանոց հատվածում հենակետ չկա, ինչի հետևանքով ադրբեջանցի զինվորականները հաճախ հատում են շփման գիծը: Դեպքին արձագանքել է նաև Արցախի ՄԻՊ-ը, նշել՝ տարածքում ռուսական խաղաղապահ զորքերի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում բնականոն կյանքը:
Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու հերթական գործողությունները իրականացվում են ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ: