Կաշառք ստանալու կասկածով ձերբակալված Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ավագ մասնագետին պաշտոնեական լիազորոթյունները չարաշահելու և ապօրինի անգործության համար մեղադրանք է առաջադրվել:
Սմբատ Մխիթարյան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 1-ին վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար) - Նորայր Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիիրառվել կալանավորումը: Նախաքննության ընթացքում, բացի Նորայր Բարսեղյանից, մեղադրանք է առաջադրվել նաև ևս 3 անձանց՝ Ռոբերտ Սուքիասյանին, Արա Տիրացվյանին, Արթուր Միրզոյանին. նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-ի 1-ին մասով՝ կաշառք տալու համար:
Քննչական խմբի ղեկավարը մանրամասնում է՝ տեսչական մարմնի պաշտոնյան, կաշառք ստանալու դիտավորությամբ, Տաշիր-Սարչապետ և Տաշիր-Լեռնահովիտ երթուղով ուղևորափոխադրող ընկերության տնօրենի, նրա միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի աշխատակից Ռոբերտ Սուքիասյանի հետ պայմանավորվել է, որ չարձանագրվեն վարորդների թույլ տված խախտումները, դրանք հայտնաբերելիս չիրականացվեն վերահսկողական գործողություններ:
Սմբատ Մխիթարյան - 2021-ի հուլիսից մինչև 2022-ի հունվար ընկած ժամանակահատվածում Նորայր Բարսեղյանը անձամբ և վարորդներից մեկի միջոցով Ռոբերտ Սուքիասյանից ստացել է ընդհանուր 190 հազար դրամ կաշառք, որի մեջ մտել է, ինչպես յուրաքանչյուր ամիս ըստ պայմանավորվածության, Նորայր Բարսեղյանին տրվել է 20 հազարական դրամները, օրինակ, օրենքով սահմանված կարգով դեղին հաշվառման համարանիշի փոխարեն այլ հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը վարելու փաստը չարձանագրելը, վարորդին 200 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելուց զերծ պահելը և նմանատիպ այլ խախտումների փաստերը չարձանագրելը:
Մեկ այլ դրվագով՝ տեսչական մարմնի աշխատակիցը Ալավերդի-Ախթալա ուղևորափոխադրող ընկերության վարորդ Արա Տիրացվյանից է կաշառք ստացել: Պահանջել է 50 հազար, փաստացի ստացել 40 հազար դրամ, 90 հազար դրամ կաշառք էլ ստացել է Վանաձորի ներհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի սեփականատեր Արթուր Միրզոյանից: Պարզվել է նաև՝ տեսչական մարմնի պաշտոնյան այդ անձանց նախապես տեղեկացրել է ստուգայցերի ժամկետների մասին՝ հորդորելով վերացնել խախտումները:
Սմբատ Մխիթարյան - Դրանով էական վնաս է պատճառվել պետության օրինականության շահերին, կատարված ստուգումներն արդյունավետ չեն եղել, խախտվել է տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության մարմնի բնականոն գործունեությունը, հեղինակազրկվել է այդ մարմինը, ինչպես նաև պետությանը պատճառվել է գույքային վնաս:
Բարսեղյանի պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանը նշեց, որ բողոքարկել են խափանման միջոցի որոշումը, մեղադրանքը չեն ընդունում:
Ֆերդինանդ Սարգսյան (փաստաբան) - Բողոք ենք ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան: Դեռ տեղեկություն չկա՝ մակագրվել է թե չէ, առաջիկայում կլինի: Մեղադրանքը չենք ընդունում, նախաքննությունը սկիզբն է, պաշտոնական մարտավարությունից ելնելով՝ ներկա պահին չեմ ցանկանում մանրամասն ասել:
Կաշառք ստանալու համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է 3-7, կաշառք տալու համար՝ մինչև 3 տարի ազատազրկում: Նախաքննությունը շարունակվում է: