«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ այցելել են Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, շրջել և ծանոթացել աշխատանքների ընթացքին, այնուհետ եղել են Գյումրի բժշկական կենտրոնում։
Տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ ծանոթացել են բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։
Աշխատանքային խմբի հաջորդ կանգառը Շիրակի պետական համալսարանում է եղել, որտեղ հանդիպել են ուսանողներին, խոսել բուհական և հետբուհական կրթությանն առնչվող հարցերից։
«Շիրակի պետական համալսարան պատգամավորների մեծ պատվիրակության կազմի հետ այցելել ենք նախ արձանագրելու այն խնդիրները, որոնք կան կրթության ոլորտում, հատկապես եթե դրանք օրենսդրական փոփոխություն են ենթադրում, ապա բարձրաձայնելու և դրանց լուծման համար քայլեր ձեռնարկելու։
Մեր կառավարությունը խիստ ուշադրություն է դարձնում կրթական բաղադրիչներին, լիահույս եմ, որ բարձրագույն կրթության օրենքի փոփոխությունը նախորդող ժամանակահատվածում առաջ եկած խնդիրներին կարող է լուծում տալ։ Իսկ իմ մոտեցումները և որդեգրած արժեքային սկզբունքները բոլոր բնագավառներում նույնն են՝ մենք պետք է համատեղենք մեր ջանքերը հիմնահարցերի լուծման համար»,- ելույթի ժամանակ նշել է Շիրակի մարզպետը։