Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին և պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանին։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման հետ կապված հարցեր։
Վահան Քերոբյանը նշել է, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում պարենային անվտանգության հարցերին, և տեղեկացրել, որ այդ կետն ամրագրված է Կառավարության ծրագրի գործողությունների ծրագրում։ Էկոնոմիկայի նախարարը շեշտել է կլիմայական փոփոխությունների զգալի ազդեցությունը պարենամթերքի և սննդի շղթայի վրա և այդ համատեքստում կարևորել ռազմավարության մշակումը։ Նա նաև տեղեկացրել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դերն այդ կարևոր փաստաթղթի մշակման գործում և հայտնել իր պատրաստակամությունը՝ օժանդակել ոլորտում նորարարությունների, պարենային անվտանգությունը դեպի կայունություն տանելու նոր ուղիներ փնտրելու գործում։ Վահան Քերոբյանը հավելել է, որ պարենային անվտանգությունը կարող է նաև նոր ներդրումային հնարավորություններ բացել, նպաստել առևտրի և արտահանման գործընթացի բարելավմանը։
Դաուդ Խանը ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում պարենային անվտանգության կարևորությունը։
Հանդիպման ավարտին մասնակիցները ևս մեկ անգամ շեշտել են միասնական աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Պայմանավորվածության համաձայն՝ կկազմվի աշխատանքային խումբ, որն աշխատանքներ կիրականացնի ռազմավարության մշակման և տեղայնացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթությունները, յուրահատկությունները, ռիսկերը։