Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է: Երկրի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի որոշ շրջաններում, ընթանում են մարտական գործողություններ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին կոչ է արել պաշտպանվելու նպատակով «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստել։ Պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ միայն Կիևում բնակիչներին բաժանվել է 18 հազար ինքնաձիգ:
Կիևի քաղաքապետ Վոլոդիմիր Կլիչկոն հայտարարել է, որ ռուսական ուժերը մուտք են գործել մայրաքաղաք և բոլորին կոչ է արել միանալ զինված ուժերին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Կիևը արևմուտքից շրջափակված է ռուսական ուժերի կողմից։ Շրջափակման մեջ է նաև Չերնիգովը: Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ուժերը առաջ են շարժվել 11-12 կիլոմետր:
Տեղեկություններ են տարածվում, որ ՌԴ ուժերը մուտք են գործել նաև Խերսոն:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊՈՒՏԻՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել հերթական տեսաուղերձով: Նա եվրոպական երկրների քաղաքացիներին կոչ է արել գալ Ուկրաինա և պաշտպանել Եվրոպան: Ուղերձի ընթացքում նա դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով բանակցություններ անցկացնել:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին. Ուկրաինայի ողջ տարածում ընթանում են մարտեր, եկեք նստենք բանակցային սեղանի շուրջ, որպեսզի կանխենք մահերը:
ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՆՍԿ՝ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) - Նախագահ Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակն է օգնել Դոնեցկին և Լուգանսկին, այդ թվում՝ ապառազմականացման և ապազգայնականացման միջոցով: Եվ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչ է:
Նա հայտնել է նաև, որ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ և վերջինս պատրաստակամություն է հայտնել ապահովել բոլոր պայմանները բանակցությունների անցկացման և բանակցողների անվտանգության ապահովման համար:
Ուկրաինական կողմի հետ բանակցությունների պատրաստակամության մասին ՌԴ նախագահն ավելի վաղ հայտնել էր Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Վերջինս նշել էր, որ Պեկինը հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելու օգտին։ Նա կոչ է արել եվրոպական անվտանգության ապահովման կայուն և արդյունավետ մեխանիզմ ձևավորել։
ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ
Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության խողովակներ թողնել։ «Ուկրաինայի համար առանձնացվել է աննախադեպ մակրոֆինանսական օգնություն՝ 1,2 միլիարդ եվրոյի չափով։ Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար, և մենք պատրաստ ենք նաև շարունակել ռազմական տեխնիկայի մատակարարումը»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան կօգնի Ուկրաինայից փախստականներին։
Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Դոնբասում ռուսական ռազմական գործողությունը որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Այսօր ես հաստատել եմ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ: Մենք կսահմանափակենք Ռուսաստանի հնարավորությունները դոլարով, ֆունտով և իենով բիզնես վարելու համար»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Պատժամիջոցները կտարածվեն նաև ռուսական բանկային ոլորտի նկատմամբ. մի շարք բանկերի ակտիվները կսառեցվեն։ Անդրադառնալով SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելու հարցին՝ Բայդենը նշել է, որ Եվրոպան դեռևս չի ցանկանում դա։ Բայդենը չի բացառել նաև Վլադիմիր Պուտինի դեմ անհատական պատժամիջոցների հնարավորությունը։
ԱՄՆ ղեկավարը նախազգուշացրել է՝ եթե Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայի սահմաններից և հարձակման ենթարկի ՆԱՏՕ-ի որևէ անդամի, ԱՄՆ-ն պատրաստ է մտնել ռազմական գործողությունների մեջ։
Սպիտակ տնից հայտնել են նաև, որ արևմտյան երկրների պատժամիջոցներն ուղղված չեն Ռուսաստանից համաշխարհային շուկաներ էներգակիրների մատակարարման դեմ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն էլ պատժամիջոցներ է սահմանել բելառուսական 24 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ գերատեսչության ձևակերպմամբ՝ Ռուսաստանի ներխուժմանը Բելառուսի աջակցության համար։
Կայացել է նաև Եվրամիության երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը, որի ընթացքում հաստատել են Ռուսաստանի դեմ անհատական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթը։ Դրանք ուղղված են, մասնավորապես, ֆինանսական, տրանսպորտային, էներգետիկ, պաշպանական ոլորտներին, ինչպես նաև արտահանման հնարավորություններին և վիզային քաղաքականությանը։
Հաղորվում է, որ դրանք կտարածվեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվների վրա:
Այսօր երեկոյան նախատեսված է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը. օրակարգում դաշինքի արևելյան անդամների անվտանգության ապահովման և Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունն է:
Ռուսաստանի դեմ սահմանափակումների մասին է հայտարարել նաև Մեծ Բրիտանիան։ Երկիրը փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Դրանք չեն կարող թռիչքներ կատարել նաև բրիտանական տարածքային ջրերի վրայով։ Սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 23-ը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Լեհաստանը, Չեխիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան և մի շարք այլ երկրներ։
Արևմուտքի ոչ բավարար վճռականության մասին է բարձրաձայնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Բոլորը Կիևին միայն խորհուրդներ են տալիս: Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը չի կարելի բնորոշել ո՛չ որպես բարեկամություն, ո՛չ էլ համերաշխություն»,- նշել է նա:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, իր աջակցությունն է հայտնել Կիևին, սակայն հայտարարել է, որ Թբիլիսին չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն ավելի կվնասի երկրի շահերին։