Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել: 18-60 տարեկան տղամարդկանց չի թույլատրվում հատել Ուկրաինայի սահմանները: Երկրի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի որոշ շրջաններում, ընթանում են մարտական գործողություններ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին կոչ է արել պաշտպանվելու նպատակով «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստել։ Ուկրաինայի Պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ միայն Կիևում բնակիչներին բաժանվել է 18 հազար ինքնաձիգ:
Ուկրաինական կողմը հաստատել է, որ մի շարք շրջաններ անցել են ՌԴ ԶՈՒ-ի վերահսկողության տակ, այդ թվում՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը, Զմեինի կղզին։ Ուկրաինայի Զինված ուժերը պայթեցրել են մի շարք կամուրջներ՝ ռուսական կողմի առաջխաղացումը կասեցնելու համար։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊՈՒՏԻՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել հերթական տեսաուղերձով: Նա եվրոպական երկրների քաղաքացիներին կոչ է արել գալ Ուկրաինա և պաշտպանել Եվրոպան: Ուղերձի ընթացքում նա դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով բանակցություններ անցկացնել:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին: Ուկրաինայի ամբողջ տարածքում ընթանում են մարտեր: Եկեք նստենք բանակցային սեղանի շուրջ, որպեսզի կանխենք մահերը:
ՌԴ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՆ ՕԿՈՒՊԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ. ԼԱՎՐՈՎ
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք էր հայտնել, թե Զելենսկին ստում է, թե պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը. «Հենց Զելենսկին է բաց թողել անվտանգության շուրջ բանակցությունների հնարավորությունը, պետք չէ հիմա մեզ մեղադրել»։ Նա Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները հնարավոր է համարել միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի Զինված ուժերը վայր դնեն զենքը: Լավրովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը Ուկրաինան օկուպացնելու նկատակ չունի:
ՄԱԿՐՈՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կրեմլի հետ երկխոսության Զելենսկու խնդրանքը Վլադիմիր Պուտինին փոխանցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ՌԴ ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Պուտինն էլ ներկայացրել է հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշման պատճառները և հանգամանքները։ Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին։
Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության խողովակներ թողնել։ «Ուկրաինայի համար առանձնացվել է աննախադեպ մակրոֆինանսական օգնություն՝ 1,2 միլիարդ եվրոյի չափով։ Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար, և մենք պատրաստ ենք նաև շարունակել ռազմական տեխնիկայի մատակարարումը»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան կօգնի Ուկրաինայից փախստականներին։
ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ
Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Դոնբասում ռուսական ռազմական գործողությունը նա որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Այսօր ես հաստատել եմ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ: Մենք կսահմանափակենք Ռուսաստանի հնարավորությունները դոլարով, ֆունտով և իենով բիզնես վարելու համար»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Պատժամիջոցները կտարածվեն նաև ռուսական բանկային ոլորտի նկատմամբ. մի շարք բանկերի ակտիվները կսառեցվեն։ Անդրադառնալով SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելու հարցին՝ Բայդենը նշել է, որ Եվրոպան դեռևս չի ցանկանում դա։ Բայդենը չի բացառել նաև Վլադիմիր Պուտինի դեմ անհատական պատժամիջոցների հնարավորությունը։
ԱՄՆ ղեկավարը նախազգուշացրել է՝ եթե Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայի սահմաններից և հարձակման ենթարկի ՆԱՏՕ-ի որևէ անդամի, ԱՄՆ-ը պատրաստ է մտնել ռազմական գործողությունների մեջ։
Սպիտակ տնից հայտնել են նաև, որ արևմտյան երկրների պատժամիջոցներն ուղղված չեն Ռուսաստանից համաշխարհային շուկաներ էներգակիրների մատակարարման դեմ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն էլ պատժամիջոցներ է սահմանել բելառուսական 24 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ գերատեսչության ձևակերպմամբ՝ Ռուսաստանի ներխուժմանը Բելառուսի աջակցության համար։
Կայացել է նաև Եվրամիության երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը, որի ընթացքում հաստատել են Ռուսաստանի դեմ անհատական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթը։ Դրանք ուղղված են, մասնավորապես, ֆինանսական, տրանսպորտային, էներգետիկ, պաշպանական ոլորտներին, ինչպես նաև արտահանման հնարավորություններին և վիզային քաղաքականությանը։ Ակնկալվում է, որ փաթեթը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից։
Այսօր երեկոյան նախատեսված է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը. օրակարգում դաշինքի արևելյան անդամների անվտանգության ապահովման և Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունն է:
Ռուսաստանի դեմ սահմանափակումների մասին է հայտարարել նաև Մեծ Բրիտանիան։ Երկիրը փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Դրանք չեն կարող թռիչքներ կատարել նաև բրիտանական տարածքային ջրերի վրայով։ Սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 23-ը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Ճապոնիան, Նոր Զելանդիան և մի շարք այլ երկրներ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն ավելի կվնասի երկրի շահերին։
ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՔԱՅԼ. ՊՈՒՏԻՆԸ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ ռուսական զորամիավորումների կողմից ոչնչացվել է ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ, այդ թվում՝ 11 օդանավակայան, 13 կառավարման կետ, խոցվել է 1 մարտական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 5 ԱԹՍ, 18 տանկ, ինչպես նաև այլ ծանր տեխնիկա: Հաղորդվում է, որ զենքը վայր է դրել և ռուսական կողմին է հանձնվել Ուկրաինայի ԶՈւ-ի ավելի քան 230 զինծառայող:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես անդրադարձել է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողությանը:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Այն, ինչ տեղի է ունենում, հարկադրված քայլ է: Այլ հնարավորություն չէին թողել, որպեսզի այլ կերպ գործենք: Անվտանգության ոլորտում ստեղծել էին այնպիսի ռիսկեր, որ այլ միջոցներով հնարավոր չէր արձագանքել: Բոլոր փորձերը զրոյական արդյունք էին տալիս:
ՌԴ ռազմական գործողությունը շարունակվում է: Դեռևս չհաստատված հաղորդագրություններ կան տարբեր շրջաններում ՌԴ ԶՈՒ առաջխաղացման մասին: