ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքն Ուկրաինային կտրամադրի ՀՕՊ համակարգեր և լրացուցիչ սպառազինություն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը խարխլել է Եվրոպայում խաղաղությունը և այժմ Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է իր ազատության համար։
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել այս անիմաստ պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և վերադառնալ երկխոսության ճանապարհ»,- նշել է նա։
Ստոլտենբերգը հավելել է, որ Ռուսաստանը ռազմավարական սխալ է գործել, ինչի համար թանկ կվճարի։ Նա նաև ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է Մոսկվային։