Նուր-Սուլթանում առավոտը սկսվեց ԵԱՏՄ պետությունների վարչապետների հանդիպմամբ: ԵԱՏՄ միջկառավարկան խորհրդի նիստն այս անգամ համընկավ աշխարահաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ՝ ելույթում նկատեց Հայաստանի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ չնայած զգայուն ժամանակահատվածին, միությունը կարևոր ֆորմատ է՝ անդամ երկրների տնտեսությունը զարգացնելու համար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իհարկե, ակնհայտ է, որ պատժամիջոցների գործողություններն ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա, և այս առումով մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն, և եթե հնարավոր է՝ շրջանցել դրանք՝ իրականացնելով համապատասխան քայլեր:
Վարչապետը հույս հայտնեց, որ տիրող իրավիճակներում կհաջողվի իրականացնել՝ ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդելուն ուղղված արդյունավետ քաղաքականություն: 2021-ը, այս առումով, դրական արդյունքներով աչքի ընկավ, առևտրաշրջանառության աճ արձանագրվեց՝ հիշեցրեց Փաշինյանն ու արդեն Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասածը թվերով փաստեց:
Նիկոլ Փաշինյան - Առևտրաշրջանառությունը 2021 թ. նախորդ տարվա համեմատ աճել է 20,6%-ով և կազմել 2,7 մլրդ դոլար։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 25,2%-ով։ Ընդ որում՝ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։
Արևային մեր երկրից դեպի ԵԱՏՄ տարածք թարմ ու վերամշակված պտուղ-բանջարեղեն, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, տեքստիլի ու կոշիկի արդյունաբերության արտադրանք է արտահանվել, դրանք էլ ապահովել են բարձր ցուցանիշները՝ մանրամասնեց վարչապետը: Դեպի Հայաստան ներմուծման ծավալներն էլ 18,5%-ով են աճել: Ի նպաստ քաղաքացիների ու բիզնեսի արագ որոշում կայացնելու շնորհիվ գործակցությունն արդյունք է տվել, գնահատեց երկրի ղեկավարն ու ընդգծեց՝ հավաքած տեմպը պետք է պահպանվի:
Նիկոլ Փաշինյան - Հուսով ենք, որ այս տարի համագործակցությունը կլինի ոչ պակաս արդյունավետ, այդ թվում՝ Միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման հաշվին։
ՄԻՇՈՒՍՏԻՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԵԱՏՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԸ
2021-ի տնտեսական ցուցանիշները ռեկորդային են եղել՝ գերազանցելով նախահամավարակային՝ 2019-ին արձանագրվածը՝ շեշտեց դաշնության վարչապետը՝ ամփոփելով ընդհանուր թվերը: Միխայիլ Միշուստինի խոսքով՝ հունվար-նոյեմբերին անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է մեկ երրորդով, ընդհանուր արտահանման ցուցանիշը՝ 42.5 տոկոսով: ԵԱՏՄ զարգացման տեմպը արդյունավետ գնահատելով՝ ռուս պաշտոնյան նշեց.
Միխայիլ Միշուստին (ՌԴ վարչապետ) - Այսօրվա հանդիպումը լավագույն ապացույցն է այն բանի, որ ցանկացած իրավիճակում մենք միասին ենք ու միասնաբար ձգտում ենք ամրապնդել մեր համագործակցությունը՝ բոլոր ուղղություններով, չնայած արտաքին ճնշումներին ու արևմտյան երկրների մեզ բաժանելու փորձերին։
Որ ապօրինի ներկրման փորձերը բացառվեն կարևոր է արտադրողից մինչև վերջնական սպառող շղթայի հսկողությունը, ասաց Միշուստինը՝ ընդգծելով միասնական թվային համակարգի շահագործման հարցը։ Թվային տեխնոլոգիաների, էլեկտրոնային առևտրի զարգացումն առանձնացրեց նաև Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Նշեմ, որ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունի կարողություններ, որոնք հնարավորություն են տալիս արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք, ինչը ևս մեկ կարևոր քայլ կարող է լինել մեր Միության շրջանակում միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման գործում։ Բացի դրանից՝ կարևոր ենք համարում նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը։ Այս ուղղության զարգացումը թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը՝ ամենապահանջված ապրանքների սեփական արտադրության վրա։
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն այսօր հյուրընկալած Ղազախստանը ընդամենը 1.5 ամիս առաջ պայքարում էր ներքաղաքական կայունության համար: Այդ երկրում բնականոն կյանքը հնարավոր եղավ վերականգնել ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի միջամտությամբ: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը, խոսելով տարեսկզբի իրադարձություններից, նկատեց՝ ուրախ է, որ ՀԱՊԿ ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին, դա Հայաստանի նախագահության առաջնահերթությունն էր:
Նիկոլ Փաշինյան - Մենք միշտ կարծել ենք և կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն: Ցավոք, Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանզիմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ, այդ մեխանիզմը կարողացանք գործարկել:
Նախագահ Տոկաևն էլ իր հերթին հիշեցրեց՝ տարին հոբելյանական է, լրանում է Հայաստանի ու Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: «Գործնականում մենք հանդիսանում ենք դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել է Ղազախստանի ղեկավարը՝ նշելով, որ Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ տածում են ամենաջերմ զգացմունքները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն արդեն հունիսին է նշանակված, Մինսկում: