Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի միջև պաշտոնական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՄԱԿ-ի Կորոնավիրուսի հակազդման միջոցառումների ծրագրի ներքո «Հետքովիդյան շրջանում փոքր և միջին ձեռնարկությունների վերականգնումը և մրցակցության քաղաքականության դերը» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գործարարության աջակցման գրասենյակի, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչները:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ այս ծրագիրը լավ հնարավորություն է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկելու փոքր և միջին բիզնեսին առնչվող մարտահրավերները, որոնց նրանք բախվում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված նոր իրողություններին հարմարվելու ընթացքում, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիները: Այդ համատեքստում նա շեշտել է նաև մրցակցության պաշտպանության և առողջ մրցակցային միջավայրի ապահովման կարևորությունը:
Միջոցառման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվել են քովիդյան և հետքովիդյան շրջանում ՓՄՁ-ների գործունեության վրա մրցակցային միջավայրի ազդեցության գնահատման, էլեկտրոնային առևտրին, ներառյալ միջազգային առցանց վճարային համակարգերին հասանելիության, պետական գնումների գործընթացում ՓՄՁ-ների ներգրավվածության և մեխանիզմների կատարելագործման, ոլորտային օրենսդրության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև էլ. առևտրի իրականացման պրակտիկ հմտությունների զարգացման հարցերը: