Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը: Համաձայն հրամանի՝ հանձնաժողովն առնվազն երկու շաբաթը մեկ, ըստ անհրաժեշտության, պետք է գումարի նիստեր և դրա արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ԿԳՄՍ նախարարին:
Հիշեցնենք, որ կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան կայանալու է հուլիս ամսին Երևանում, նախատեսվում է շուրջ 80 երկրի ներկայացուցիչների մասնակցություն:
Բացման և փակման արարողությունները տեղի են ունենալու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ բուն օլիմպիադան անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ Հայաստանից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունգարիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: