Ներկրվող ազոտական, կալիումական պարարտանյութի պահանջարկը հնարավոր է բավարարել տեղական կենսաբանական պարարտանյութով: Արդեն մի քանի տարի է, ինչ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստացված կենսաբանական պարարտանյութի լայնածավալ արտադրություն չի կազմակերպվում: Մինչդեռ պարարտանյութն անցել է բոլոր փորձարկումներն ու պաշտոնապես գրանցվել: Երեքը մեկում՝ հայ գիտնականներն այսպես են բնորոշում ազոտական, կալիում-ֆոսֆորական պարարտանյութին փոխարինող «Էկոբիոֆիդ պլյուսը»:
Գայանե Ավետիսովա («Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի առաջատար գիտաշխատող) - Պարարտանյութը կազմված է մանրէներից, ազոտ ֆիքսող մանրէներից որոնց մի մասը կոչվում են ազատ ապրող, և մյուսները՝ սիմբիոտիկ: Այս համակցությամբ մենք կարողացել ենք մշակել նոր տեխնոլոգիա, որն արտոնագրվել է Հայաստանում, և որևէ երկրում նմանակը չկա:
Կենսաբանական պարարտանյութի արտադրությունն անթափոն է լինելու: Մանրէներն ազոտը կլանում են մթնոլորտից: Հնարավոր է կիրառել ցանկացած մշակաբույսի համար: Այն վերականգնում է վարակված հողերի իմունիտետը՝ ասում է կենտրոնի առաջատար մասնագետը, վստահեցնում՝ շատ օգտագործելը նույնիսկ խրախուսվում է:
Լուսինե Մելքոնյան («Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող) - Սրանք կենդանի մանրէներ են: Անցնելով հող այդ մանրէները կատարում են նույն գործողությունը, ինչ որ սիլիտրան է կատարում՝ վերցնում են ազոտը և պահպանում հողում, ընդ որում՝ տարիների ընթացքում այդ ծախսը նվազում է:
Գիտնականները հաշվել են նաև Էկոբիոֆիդի և քիմիական պարարտանյութերի տնտեսական տարբերությունը: Բացի նրանից, որ կենսաբանականը բույսին դարձնում է հիվանդությունների նկատմամբ դիմացկուն ու 15 տոկոսով բերքառատ՝ ազոտականի համեմատ, նաև էժան է՝ ասում են գիտնականները: Մեկ հեկտարին բավական է տասը լիտր պարարտանյութ:
Գայանե Ավետիսովա - Մեկ լիտրը արժե 2500 դրամ, 1 հեկտարին մենք օգտագործում ենք 25 հազար դրամ՝ մեկ պարարտացման դեպքում: Սիլիտրայի դեպքում՝ եթե նախկինում մեկ պարկի գումարը կազմել է 8-10 հազար դրամ, իսկ 1 հեկտարին անհրաժեշտ է 250 կիլոգրամ, գումարը կազմում է 50-60 հազար դրամ: Հիմա՝ ավելի շատ: Գինը անհամեմատելի է:
Ընդամենը 60 քառակուսի մետր արտադրամասում գիտնականներն արտադրում են շաբաթական 450 լիտր կենսապարարտանյութ: Հիմնականում բավարարում են այն ֆերմերների պատվերները, որոնք մի քանի անգամ փորձել ու լավագույն արդյունքներ են ունեցել: Կարող են բավարարել ներքին պահանջարկը, եթե ունենան կենսապարարտանյութի արտադրական հզորություններ:
Վահե Ղոչիկյան («Էկոբիոֆիդ պլյուս» կենսապարարտանյութի գլխավոր տեխնոլոգ) - Անհրաժեշտ են ավելի մեծ ծավալի կենսառեակտորներ՝ 5 տոննանոց, 10, 20, որպեսզի կարողանանք ամիսը արտադրել, մոտավորապես, 10-20 տոննա կենսապարարտանյութ:
Գիտնականները վստահ են՝ ագրոտեխնիկական կանոնների պահպանման դեպքում հայկական կենսապարարտանյութը մի քանի անգամ արդյունավետ է քիմիականից: