Չնայած համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղեցմանը՝ 2021 թվականին Հայաստանին հաջողվել է զգալիորեն ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ:
Այս մասին Ղազախստանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2021 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը կառույցի անդամ այլ երկրների հետ ավելացել է մոտ 21 տոկոսով և կազմել 2 միլիարդ 700 միլիոն դոլար:
Արտահանման գծով արձանագրվել է 25 տոկոս աճ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ է արտահանել թարմ և վերամշակած միրգ-բանջարեղեն, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք:
Վարչապետն անդրադարձել է քայլերի, որոնք կնպաստեն փոխադարձ ապրանքաշրջանառության խթանմանը:
«Բացահայտելով կառույցի թվային ներուժը՝ չեմ կարող չանդրադառնալ նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագրին, որը թույլ կտա հետևել բեռնափոխադրումներին և ներդնել ապրանքներին հետևելու համակարգ: Այս համաձայնագրի վերջնական նպատակն է բարձրացնել փոխադրումների թափանցիկությունը, ինչը դրական կազդի տրանսպորտային ծառայությունների ոլորտի վրա: Տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը խթան կհանդիսանա ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար»,- ասել է Փաշինյանը: