ՊՈՒՏԻՆԸ ԴԻՄԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Ուկրաինան պետք է ճանաչի Ղրիմը որպես ՌԴ մաս և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից: Նման պահանջ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Նա հայտարարել է նաև, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունները Մոսկվան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններում:
Պուտինը բարձր է գնահատել Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունները՝ նշելով, որ հիմնական բախումները տեղի են ունենում ոչ թե երկրի կանոնավոր զորքերի, այլ ազգայնականների խմբավորումների հետ։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Եվս մեկ անգամ դիմում եմ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին․ թույլ մի՛ տվեք նեոնացիստներին և բանդերականներին օգտագործել ձեր երեխաներին, կանանց ու տարեցներին որպես կենդանի վահան։ Վերցրե՛ք իշխանությունը ձեր ձեռքը: Ձեզ հետ համաձայնության գալը մեզ համար, կարծես, ավելի հեշտ կլինի, քան թմրամոլների և նեոնացիստների այն հանցախմբի հետ, որը հաստատվել է Կիևում և պատանդ է վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊՈՒՏԻՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Ավելի վաղ տեսաուղերձով հանդես էր եկել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա եվրոպական երկրների քաղաքացիներին կոչ է արել գալ Ուկրաինա՝ պաշտպանելու Եվրոպան: Ուղերձի ընթացքում նա դիմել էր նաև ՌԴ նախագահին՝ առաջարկելով բանակցություններ անցկացնել:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին: Ուկրաինայի ողջ տարածում ընթանում են մարտեր: Եկեք նստենք բանակցային սեղանի շուրջ՝ որպեսզի կանխենք մահերը:
ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՆՍԿ՝ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ
Արձագանքելով Զելենսկու հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար:
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) - Նախագահ Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակն է օգնել Դոնեցկին և Լուգանսկին, այդ թվում՝ ապառազմականացման և ապազգայնականացման միջոցով: Եվ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչ է:
Նա հայտնել է նաև, որ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ և վերջինս պատրաստակամություն է հայտնել ապահովել բոլոր պայմանները բանակցությունների անցկացման և բանակցողների անվտանգության ապահովման համար:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովան էլ հստակեցրել է՝ Կիևի հետ հնարավոր բանակցությունները դեռևս չեն ենթադրում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության դադարեցում:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը դիտարկում է Միսնկում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը։ «Այժմ մենք ուսումնասիրում ենք հնարավոր երաշխիքներն ու հեռանկարները, քննարկում հարցը միջնորդների հետ», - հավելել է նա։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: ՌԴ ԶՈւ-երը տարբեր ուղղություններով շարունակում են առաջխաղացումը. հաղորդվում է նաև թիրախային ավիահարվածների մասին: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Կիևը արևմուտքից շրջափակված է ռուսական ուժերի կողմից։ Շրջափակման մեջ է նաև Չերնիգովը: Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ուժերը առաջ են շարժվել 11-12 կիլոմետր: Տեղեկություններ են տարածվում, որ ՌԴ ուժերը մուտք են գործել նաև Խերսոն:
Կիևի քաղաքապետ Վոլոդիմիր Կլիչկոն հայտարարել է, որ ռուսական ուժերը մուտք են գործել մայրաքաղաք և բոլորին կոչ է արել միանալ զինված ուժերին: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին կոչ է արել պաշտպանվելու նպատակով «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստել։ Նախարար Օլեքսի Ռեզնիկովն էլ հայտարարել է, որ միայն Կիևում բնակիչներին բաժանվել է 18 հազար ինքնաձիգ:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել կառույցում Ռուսաստանի իրավունքները կասեցնելու վերաներյալ. Ռուսաստանը կշարունակի մնալ կառույցի և նրա կոնվենցիաների անդամ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին են հայտարարել Եվրամիությունը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան Կանադան, Լեհաստանը, Չեխիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան և մի շարք այլ երկրներ։
Արևմուտքի ոչ բավարար վճռականության մասին է բարձրաձայնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Բոլորը Կիևին միայն խորհուրդներ են տալիս: Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը չի կարելի բնորոշել ո՛չ որպես բարեկամություն, ո՛չ էլ համերաշխություն»,- նշել է նա:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, իր աջակցությունն է հայտնել Կիևին, սակայն հայտարարել է, որ Թբիլիսին չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն ավելի կվնասի երկրի շահերին։