Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի շրջանակում համագործակցությունը կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում և հույս հայտնել, որ Մարտինա Շմիդտի նշանակմամբ Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հետ փոխգործակցությունն էլ ավելի կզարգանա:
Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտները բավականին տարողունակ են ու բազմազան, հետևաբար առկա են բազում ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնց ուղղությամբ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը:
ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ մարտի 2-ին Երևանում նախատեսվում է Հայաստան/ԵԽ Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ՝ 2019-2022 թթ. ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև հաջորդ շրջափուլի՝ 2023-2026 թթ. ծրագրի առաջնահերթությունները քննարկելու և համագործակցության նոր ոլորտներ նախանշելու նպատակով: Ի թիվս գոյություն ունեցող համագործակցության ոլորտների՝ Մարտինա Շմիդտը ներկայացրել է փոխգործակցության նոր ուղղություններ, որոնց շրջանակում, մասնավորապես, մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մեդիագրագիտության ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները՝ տեղեկացնելով, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված է ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացումը:
Նա նշել է, որ ներկայումս հանրային քննարկման է դրված «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը, և կարելի է քննարկել նշված փաստաթղթում ու դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրում մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ աշխատանքները:
Իր տպավորությունները կիսելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության մասին՝ ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանը ներկայումս գտնվում է Եվրոպական մշակութային ուղիներից (European Cultural Routes) մեկի վրա և ունի մի շարք այլ ուղիներում ներգրավվելու ներուժ: Այս համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը մշակութային ժառանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի՝ թե՛ քարտեզագրման, և թե՛ հանրայնացման տեսանկյունից:
Նա նաև ուշադրություն է հրավիրել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի հարցին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: