Պարեկային նոր ծառայողների կրակային ստուգարքն է. բոլորը պետք է ապացուցեն, որ յուրացրել են նոր զենքի կիրառման նրբությունները: Թիրախը դիպուկ խոցել հաջողվում է ոչ միայն համակարգից տեղափոխված ուսանողներին, այլև քաղաքացիականներին:
Արսեն Չոբանյանը կապիտան է, Լոռու մարզում է աշխատել՝ հատուկ սպայական ջոկատում: Պարեկային ծառայության Երևանի գնդի ուսուցումն ու աշխատանքային փորձը ուսումնասիրել, որոշել է փոխել աշխատանքային միջավայրը: Քանի որ ստաժավոր ոստիկան է, կրթահամալիրում դասակի ավագ է նշանակվել, ազատ ժամերին տարիների ընթացքում ձեռք բերած փորձով է կիսվում:
Արսեն Չոբանյան (երկրորդ հոսքի ուսանող) - Համոզված եմ, որ իմ դասակը իրեն շատ բարձր ձևով կդրսևորի, և կան մարդիկ, որ նույնիսկ սպայի կոչում կստանան: Ես ոչ թե մտածում եմ, այլ համոզված եմ՝ նրանց գիտելիքները տեսնելով:
5 ամիս, 25 առարկա՝ և՛ լսարանային, և՛ գործնական՝ օրենսգրքից մինչև կրակային, հոգեբանությունից մինչև վարման վարպետություն: 4 ամիս առաջ 590 դիմորդ են ունեցել Շիրակի, Լոռու և Երևանի գնդի համալրման համար, ավարտական ստուգարքներին հասել են 550-ը:
Միսակ Մարկոսյան (ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ) - Այս պահին ավարտական փուլին է մոտենում ուսումնական պարապմունքների հատվածը, որից հետո մարտի 7-ից 26-ը նախատեսվում է մեր պարեկային ծառայության սովորողների մասնագիտական պրակտիկան՝ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում: Հետո տեղի կունենա 1 շաբաթ տևողությամբ ամփոփիչ պետական ատեստավորում և հաջողությամբ ավարտած սովորողները կնշանակվեն համապատասխան պաշտոնի:
Մասնագիտական պրակտիկան կրթահամալիրում երկրորդ հոսքի առավելություններից է: Երևանի գնդի կազմավորման պարագայում ծառայությունը դեռ չկար, պրակտիկան էլ անհնարին: Երկրորդ հոսքի 36 կին ուսանողներից մեկը Ռուզաննա Եղիյանն է՝ մասնագիտությամբ բուժքույր: Պարեկ դառնալու որոշման վրա վերջին պատերազմը մեծ ազդեցություն ունեցավ: Քննական շրջանը լավ է սկսել՝ միայն գերազանց է ստանում, անգամ կրակայինը, այն պարագայում, երբ քաղաքացիական կյանքում ոչ մի անգամ զենք չի բռնել:
Ռուզաննա Եղիյան (Պարեկային ծառայությունում պաշտոնի անցնելու ուսումնական երկրորդ հոսքի ուսանող) - Դժվար էր քաղաքացիականից միանգամից սովորել էդքան հոդվածներ, օրենքներ, բայց աշխատեցինք, մենք էլ ձգտեցիքն, որ հետագայում ինչ-որ դժվար իրավիճակներում չհայտնվենք:
Առաջին հոսքի ուսումնական փուլից հետո ոստիկանությունում վերլուծություն են արել, վեր են հանել թերացումները, բարելավել ուսումնական պլանը:
Միսակ Մարկոսյան (ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ) - Մենք նաև չափազանց մեծ կարևորություն ենք տալիս ոչ միայն ոստիկանի մասնագիտական գիտելիքներին, այլև նրա բարեվարքությանը, այդ իսկ պատճառով առանձին առարկա է ոստիկանության ծառայողի էթիկան և բարեվարքությունը, առանձին մեծ ծավալով ուսումնասիրվում է հոգեբանությունը և հաղթրդակցման հմտությունները:
Ապրիլին արդեն ուսանողները ավարտած կլինեն և ծառայության կանցնեն Շիրակում ու Լոռիում: Ոստիկանությունը, արդարդատության նախարարությունն ու իրազեկ քաղաքացիների միավորում հկ-ն՝ տարբեր մարզերից ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էին կազմկերպել՝ երևանյան փորձով կիսվելու, նաև հաջորդ 4 մարզերում պարեկային ծառայությունը ներդնելու թեմայով: Շուտով կմեկնարկի Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի ու Տավուշի մարզերում պարեկային ծառայության ներդրման ու ծառայողների դիմումների ընդունման գործընթացը:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Նախ կիսվում ենք մարզերի հետ՝ ինչպիսի փորձառություն ունեինք Երևանում, ընդ որում փորձառությամբ կիսվում ենք հենց առաջնային աղբյուրից ինֆորմացիայի՝ պարեկներ կան այսօր ևս ներկա, որոնք կկիսվեն դրական փորձով, ինչու ոչ, նաև այն մարտահրավերներով, որոնց նրանք բախվել են իրենց պրակտիկայում:
Քննարկամը ուշադրություն են դարձրել ևս մեկ բաղադրիչի վրա՝ իրազեկման աշխատանքները: Դիմումների ընդունելության փուլում աշխատելու են մարզպետարանների հետ, ուսումնասիրելու են մարզի առանձնահատկությունները և մշակելու են իրազեկման արշավի մեթոդաբանություն: Այսպես փորձում են ծառայության նկատմամաբ բարձրացնել քաղաքացիական անձնանց՝ մասնավորապես կանանց հետաքրքրվածությունը: