Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարը բաց է թողել անվտանգության շուրջ բանակցությունների հնարավորությունը՝ հայտնում է kommersant-ը։ Ավելի վաղ Զելենսկին հերթական տեսաուղերձի ժամանակ հայտարարել էր, որ չի վախենում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցով բանակցել Մոսկվայի հետ: Սակայն հարցրել էր՝ ո՞վ կտա անվտանգության երաշխիքներ, և ի՞նչ երաշխիքներ կլինեն դրանք:
ՌԴ արտգործնախարար Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կբանակցի, երբ ուկրաինական զինված ուժերը վայր դնեն զենքերը:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ներկա իշխանությունը ժողովրդավարական չի համարում։ «Ռուսաստանը կապահովի Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնականացումը: Մենք չափազանց շատ ենք տուժել նացիզմից, ուկրաինացի ժողովուրդն էլ է տուժել, որպեսզի աչք փակենք այս ամենի վրա և անլուրջ մոտենանք հարցին»,- ասել է Լավրովը։