Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կոչ է արել հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից՝ հաշվի առնելով և հարգելով պետությունների օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում, և բանակցությունների միջոցով ստեղծել հավասարակշռված, արդյունավետ ու կայուն եվրոպական անվտանգության մեխանիզմ՝ հայտնում է ТАСС-ը։
«Չինական կողմը մշտապես հանդես է եկել բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման ու ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին և սկզբունքներին հավատարիմ մնալու օգտին»,- ասել է Սի Ծինպինը:
Նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Պուտինը ՉԺՀ ղեկավարին ներկայացրել է ուկրաինական հարցի էությունը և տեղեկացրել Ուկրաինայի արևելքում իրականացվող ռազմական հատուկ գործողության մասին։