Ֆրանկոֆոն ֆորում Երևանում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ: Այն կազմակերպվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ գործակցությամբ: Ֆորումի առաքելությունն է՝ բարելավել ֆրանկոֆոն տարածքում համալսարանների կառավարման ուղղությամբ աշխատանքը, դառնալ մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ: Ֆորումին ելույթ է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, վստահեցրել՝ միջբուհական երկխոսությունը կնպաստի թե՛ Հայաստանի, թե՛ ֆրանկոֆոն գործընկեր համալսարանների բարձրագույն կրթության որակի բարձրացմանը:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում համալսարանների կառավարման հայեցակարգը ևս ենթակա է շարունակական զարգացման, քանի որ բախվում է նոր մարտահրավերների՝ կապված ակադեմիական և ռազմավարական կառավարման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի հետ:
Այս համատեքստում, իհարկե, առանձնահատուկ նշանակություն է ստանում որակի ապահովման խնդիրը, որը ներառում է մի շարք կառուցակարգեր, ընթացակարգեր՝ ուղղված, իհարկե, վերջնահաշվում բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության ընդհանուր բարելավմանը: