138 քրեական գործ, 33 մեղադրյալ, 136 միլիոն դրամի վնաս. նախորդ տարի անձնական տվյալների օգտագործմամբ օնլայն հափշտակությունների վիճակագրությունն է: Թիրախում այս անգամ նաև տաքսիստներն են եղել:
Միլենա Մանուկյան (Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ) - 35-ամյա տղամարդը 2021 թվականի հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Յանդեքս առցանց հավելվածով պատվիրված տաքսի ծառայությունների միջոցով որպես ուղևոր իրականացրել է երթեր, որոնց ընթացքում ուղևորավճարը «Իդրամ» դրամապանակի միջոցով վճարելու, առավել շահավետ կոդ մուտքագրելու և այլ պատրվակներով տիրացել է նշված վարորդների Իդրամ դրամապանակների տվյալներին, ինչից հետո ձևակերպել է առցանց վարկային պայմանագրեր:
35-ամյա տղամարդը 11 դրվագով է անցնում: Դրանցից մեկով էլ մեղադրյալը հափշտակել է տաքսու մեկ այլ վարորդի՝ «Իդրամին» կցված բանկային քարտի գումարը, փոխանցել բուքմեյքերական տարբեր հաշիվների, նաև իր «Իդրամին»: Եղել են նաև դեպքեր, որ վարկային պայմանագրեր կնքելու հայտերը մերժվել են:
Միլենա Մանուկյան - Նշված տղամարդը առցանց վարկային պայմանագրերը կքնելու, ինչպես նաև բանկային քարտին առկա գումարները հափշտակելու միջոցով քաղաքացիներին պատճառել է ընդհանուր մեկ միլիոն դրամից ավելի գույքային վնաս:
Այսպիսի դեպք նախկինում իրավապահները չեն հիշում: Բազմադրվագ քրեական գործն այժմ դատարանում է, մեղադրյալը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան