Հայաստանում հավատարմագրված դեսպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար այսօր կազմակերպվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացի նախաորակավորման փուլին նվիրված շնորհանդես։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ փետրվարի 16-ին հայտարարվել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման փուլը։
Նախարարը շեշտել է, որ այս հատվածի կառուցումը մեր երկրի համար ռազմավարական, տնտեսական և անվտանգային առումներով շատ կարևոր է։ Այն նաև մեծածավալ ու հետաքրքիր ծրագիր է՝ բազմաթիվ տեխնիկական և մասնագիտական լուծումներով. կառուցվելու է մոտ 60 կմ երկարությամբ 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված, որը կներառի 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։
Նախարար Սանոսյանը, դիմելով դեսպաններին և դեսպանությունների ներկայացուցիչներին, նկատել է, որ ակնկալում է վերջիններիս աջակցությունն իրենց երկրներում մրցույթի վերաբերյալ տեղեկատվության հնարավորին լայն տարածումն ապահովելու հարցում։ Նա ընդգծել է, որ մեր նպատակն է՝ շինաշխատանքների մրցույթին ներգրավել բազմափորձ և հզոր կարողություններ ունեցող շինարարական ընկերություններ՝ ծրագիրը լավագույնս իրականացնելու համար։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Սիսիան-Քաջարան կառուցվելիք ճանապարհի տեխնիկական բնութագրերը, ցուցադրվել է նաև նշված ճանապարհահատվածի վերաբերյալ տեսանյութ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կառուցվելու է նոր ծրագրով, բավականին բարդ ռելիեֆ ունեցող տարածքում, և շինաշխատանքներում փորձառու շինարարական կազմակերպություն ներգրավելը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը։
Նոր կառուցվելիք ճանապարհը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը, կբարձրացնի տարանցիկ երթևեկության գրավչությանը, կնպաստի Սյունիքի մարզի զարգացմանը: