Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի ժամ առաջ հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ռուսաստանցիներին ուղղված տեսաուղերձում Կրեմլի ղեկավարը նշել է, որ հանգամանքներն իրենց ստիպում են վճռական և անհապաղ գործողությունների դիմել: Պուտինը շեշտել է՝ Ուկրաինան օկուպացնելու նպատակ չկա: Նա հավելել է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներն են դիմել Ռուսաստանին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ռազմական գործողության նպատակը այն մարդկանց պաշտպանությունն է, որոնք 8 տարի շարունակ կիևյան ռեժիմի կողմից ծաղրի և ցեղասպանության են ենթարկվում: Եվ այդ պատճառով մենք ձգտելու ենք Ուկրաինայի ապառազմականացմանն ու նացիզմի չեզոքացմանը, նաև՝ դատարանի առաջ ենք կանգնեցնելու նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ: Ուկրաինայից եկող մշտական սպառնալիքի պատճառով Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, զարգանալ, գոյություն ունենալ: Ոչ ոք չպետք է կասկածի, որ մեր երկրի վրա ուղիղ հարձակումը կհանգեցնի ցանկացած պոտենցիալ ագրեսորի ջախջախմանն ու սոսկալի հետևանքների։
Պուտինը շեշտել է՝ Ռուսաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, բոլոր որոշումներն արդեն կայացված են:
Վլադիմիր Պուտին - Այժմ մի քանի շատ կարևոր խոսք նրանց համար, ովքեր կարող են գայթակղվել և միջամտել իրավիճակին. ով էլ փորձի մեզ խանգարել, ավելին՝ սպառնալիքներ ստեղծել մեր երկրի և ժողովրդի համար, պետք է իմանա՝ Ռուսաստանի պատասխանը կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնց նախկինում երբևէ չեն բախվել:
ՌԴ նախագահը նշել է, որ արյունահեղության համար պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայի իշխող վարչախումբը։ Նա դիմել է նաև ուկրաինացիներին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանական են, Պուտինը կոչ է արել համագործակցել՝ հնարավորինս շուտ շրջելու այս ողբերգական էջը։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ
Վլադիմիր Պուտինի տեսաուղերձին արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նա հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայի օդային տարածքը փակվել է քաղաքացիական օդանավերի համար:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Այսօր ձեզնից, մեզնից, յուրաքանչյուրից պահանջվում է հանգստություն: Հնարավորության դեպքում, խնդրում եմ՝ մնացե՛ք տանը: Մենք աշխատում ենք: Բանակն աշխատում է: Աշխատում է Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանության ողջ համակարգը: Մշտական կապի մեջ եմ Անվտանգության խորհրդի և նախարարների կաբինետի հետ: Խուճապի մի՛ մատնվեք:
Նա հայտնել է նաև, որ ռուսական կողմը օդային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին և սահմանապահներին։ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն էլ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ռուսական ուժերը առաջ են շարժվում Ռուսաստանի և Բելառուսի տարածքից: Ռուսական զորքերի տեղաշարժ է արձանագրվել նաև Ղրիմից:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական զորքերը չեն մասնակցում ՌԴ ռազմական հատուկ գործողությանը:
ՌԴ ԶՈՒ-Ն ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ. ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները շարքից հանելու մասին։ «ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Ուկրաինայի զինված ուժերը զանգվածաբար լքում են զբաղեցրած դիրքերը՝ թողնելով սպառազինությունը: Ռուսական ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում ուկրաինական քաղաքներին և թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ՌԴ-ԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Սոցիական ցանցերի տիրույթում տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնց համաձայն՝ Ուկրաինայի մի շարք բնակավայրերում արդեն նկատելի են Ռուսաստանի զինված ուժերի զինտեխնիկա: Հաղորդվում է նաև, որ որոշ բնակիչները լքում են մայրաքաղաք Կիևը և մի շարք քաղաքներ:
Զելենսկին ակտիվ հեռախոսազրույցներ է ունենում միջազգային գործընկերների հետ: Թվիթերյան իր միկրոբլոգում նա կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը: «Ստեղծում ենք հակապուտինյան դաշինք: Անհապաղ պատժամիջոցներ, պաշտպանական և ֆինանսական աջակցություն Ուկրաինային: Աշխարհը պետք է Ռուսաստանին խաղաղություն պարտադրի»,- գրել է նա:
ԲԱՅԴԵՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուկրաինայի նախագահը քննարկել է ստեղծված իրավիճակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «սկսում է միջազգային աջակցություն հավաքել»։
Բայդենն իր հերթին հայտնել է, որ Զելենսկու հետ զրույցում դատապարտել է Ռուսաստանի գործողությունները։ «Նախատեսված է Մեծ յոթնյակի ղեկավարների, ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ու գործընկերների հանդիպումը։ Մենք կոշտ պատժամիջոցներ կսահմանենք Ռուսաստանի դեմ: Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ միայն Ռուսաստանն է պատասխանատու հետագա մահերի և ավերածությունների համար։ «Պուտինը ընտրեց պատերազմի ճանապարհը: Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը:
Նա հավելել է նաև, որ կհետևի հետագա զարգացումներին և մոտակա ժամերին հանդես կգա ուղերձով և կհայտարարի՝ ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել ԱՄՆ-ն ի պատասխան ստեղծված իրավիճակին։ Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը գործողությունները համակարգելու է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
Եվրամիությունը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ նախապատրաստել է կոշտ պատժամիջոցների մեծ փաթեթ:
Ստեղծված լարվածության ֆոնին արդեն ստացվում են հաղորդագրություններ՝ զոհերի և վիրավորների մասին: