Ինչ էլ հայտարարի Ադրբեջանը, պատերազմը երբեք հիմնախնդրի լուծում չէ: Ազգային ժողովում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստից հետո ասաց կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը:
Մարինա Կալյուրանդ (ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ) - Լուծումը պետք է գտնել բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը կոմիտեի նիստում առավել վտանգավոր զարգացում որակեց 2021-ի մայիսից ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող) - Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք, այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը և Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին: Մեր խորին համոզմամբ՝ ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաև խաղաղության մթնոլորտին: Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար:
Հակոբ Արշակյանը հիշեցրեց նաև հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել: Կալյուրանդը այս խնդրին անդրադարձավ նաև ճեպազրույցի ընթացքում, ընդգծեց՝ պետք է վերադարձվեն Բաքվում պահվող հայ գերիները:
Մարինա Կալյուրանդ - Մենք կշարունակենք կրկնել դա, մինչև Հայաստանի վերջին քաղաքացին չվերադարձվի Հայաստան: Նրանք չեն կարող օգտագործվել քաղաքական առևտրի համար:
Եվրոպացի դիվանագետը հայտնեց՝ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը, այնտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների այցելության անհրաժեշտությանը: Կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը շնորհակալություն հայտնեց եվրոպացի գործընկերոջը հստակ և անկողմնակալ դիրքորոշման համար:
Արման Եղոյան (ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ) - Ունեցանք շատ կարևոր քննարկում Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում նաև:
Ճեպազրույցում չշրջանցվեց նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Կալյուրանդը մտահոգություն հայտնեց իրադարձությունների նման զարգացման համար, բայց այս հարցում Հայաստանին որևէ կոչով դիմելու անհրաժեշտություն չտեսավ:
Մարինա Կալյուրանդ - Սա Հայաստանի ներքին գործն է, մենք չենք կարող միջամտել:
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի հաջորդ նիստը կկայանա 2023-ին՝ Բրյուսելում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան