ԲԱՅԴԵՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դոնբասում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողությունը բուռն արձագանք է առաջացրել մի շարք միջազգային դերակատարների շրջանում:
Ուկրաինայի նախագահը քննարկել է ստեղծված իրավիճակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «սկսում է միջազգային աջակցություն հավաքել»։
Բայդենն իր հերթին հայտնել է, որ Զելենսկու հետ զրույցում դատապարտել է Ռուսաստանի գործողությունները։ «Նախատեսված է Մեծ յոթնյակի ղեկավարների, ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ու գործընկերների հանդիպումը։ Մենք կոշտ պատժամիջոցներ կսահմանենք Ռուսաստանի դեմ: Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ միայն Ռուսաստանն է պատասխանատու հետագա մահերի և ավերածությունների համար։ «Պուտինը ընտրեց պատերազմի ճանապարհը: Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը:
Նա հավելել է նաև, որ կհետևի հետագա զարգացումներին և մոտակա ժամերին հանդես կգա ուղերձով և կհայտարարի՝ ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել ԱՄՆ-ն ի պատասխան ստեղծված իրավիճակին։ Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը գործողությունները համակարգելու է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
ՈՒԿՐԱԻՆԱՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ստեղծված իրավիճակի քննարկման համար այսօր նախատեսվում է ԵՄ ղեկավարների արտահերթ նիստ: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դատապարտել են Դոնբասում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության մեկնարկը՝ աջակցություն հայտնելով Ուկրաինային: Նրանք հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման մասին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին նշել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը թիրախավորելու է Ռուսաստանի տնտեսության ռազմավարական հատվածները՝ արգելափակելով հասանելիությունը երկրի համար առանցքային դեր խաղացող տեխնոլոգիաներին և շուկաներին։ «Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական հիմքերը և դրա արդիականացման հնարավորությունը։ Բացի այդ, մենք կսառեցնենք Եվրամիությունում ռուսական ակտիվները և կարգելափակենք ռուսական բանկերի հասանելիությունը եվրոպական ֆինանսական շուկային»,- նշել է նա։
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը նույնպես դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում՝ նշելով, որ այն վտանգի տակ է դնում միլիոնավոր մարդկանց կյանքը և միջազգային իրավունքի ու Ռուսաստանի պարտավորությունների կոպիտ խախտում է։
«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- նշված է Ռաուի և Շմիդի համատեղ հայտարարության մեջ։
Անկարան չի ճանաչում «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը»։ Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա կոչ է արել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ ընդգծելով, որ «Թուքրիան ՆԱՏՕ-ի ներսում էլ կառուցողական դիրքորոշում է որդեգրել»: Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական կողմը ամենակարճ ժամանակահատվածում սպասում է Պուտինի այցին: Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունն էլ Անկարայից պահանջել է Ռուսաստանի համար փակել Դարդանելի նեղուցը և արգելափակել ռուսական ակտիվները:
Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձություններին անդրադարձել է նաև Չինաստանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պեկինը ռազմական աջակցությո՞ւն է ցուցաբերում Մոսկվային, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել ստեղծված իրավիճակը և չունի Չինաստանի ռազմական աջակցության կարիքը: Նա նշել է, որ խնդրի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ իշխանությունների մոտեցումներից։ «Մենք չենք վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ը, և մեծ քանակությամբ սպառազինություն չենք մատակարարի Ուկրաինային»,- հավելել է նա:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ուկրաինական կողմը նախապես տեղեկացվել է հնարավոր զարգացումների մասին, սակայն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել: Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում անցկացնել ռուս-ուկրաինական բանակցություններ:
Անդրադառնալով Մինսկի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հնարավորությանը՝ նա նշել է, որ այդ հարցը գտնվում է Մինսկի արտաքին քաղաքական օրակարգում։
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության բոլոր դիվանագետները տարհանվել են Կիևից` հայտնել են ՌԴ դեսպանությունից: Իրենց դիվանագետներին Կիևից տարհանելու մասին են հայտնել նաև Ղազախստանի, Մոլդովայի, Իսրայելի, Շվեդիայի և այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ:
Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ Ուկրաինան խզում է իր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
ՌԴ նախագահն ավելի վաղ իր տեսաուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և բոլոր որոշումներն արդեն կայացված են:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Այժմ մի քանի շատ կարևոր խոսք նրանց համար, ովքեր կարող են գայթակղվել և միջամտել իրավիճակին. ով էլ փորձի մեզ խանգարել, ավելին՝ սպառնալիքներ ստեղծել մեր երկրի և ժողովրդի համար, պետք է իմանա՝ Ռուսաստանի պատասխանը կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնց նախկինում երբևէ չեն բախվել: