ԿԻԵՎՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել նոր ուղերձով. նա հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է կարգավորել իրավիճակը՝ չնայած Կիևը չի ընտրել պատերազմի ուղին։ «Ոչ ոք չի կարող համոզել կամ ստիպել մեզ՝ ուկրաինացիներիս, հրաժարվել մեր ազատությունից, անկախությունից, ինքնիշխանությունից»,- նշել է նա։
Նախագահը հայտնել է նաև ուկրաինական և ռուսական կողմերի կորուստների մասին։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Դոնբասում մեր զինված ուժերը գերազանց են գործում, Խարկովի ուղղությամբ պաշտպանությունը հուսալի է: Ամենախնդրահարույց իրավիճակը հարավում է: Մեր զորքերը կռվում են Խերսոնի արվարձաններում: Թշնամին ճնշում է գործադրում Ղրիմից՝ փորձելով առաջ շարժվել դեպի Մելիտոպոլ։ Երկրի հյուսիսում՝ Չերնիգովի մարզում, առաջխաղացումը դանդաղ է:
Ուկրաինայի Խերսոնի շրջանի հարավի մի մասը, ինչպես նաև մի շարք այլ տարածքներ այլևս Կիևի վերահսկողության տակ չեն՝ հայտնում են տեղական իշխանությունները։
Երկրի տարբեր կատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում, պարետային ժամ է սահմանվել։ Նշվում է, որ դա հարկադրված քայլ է՝ անհրաժեշտ ռազմական դրության պայմաններում բնակիչների անվտանգության ապահովման համար։ Պարետային ժամի ընթացքում հասարակական տրանսպորտը չի աշխատի։ Սակայն մետրոպոլիտենի կայարանները հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով՝ որպես ապաստարաններ:
Ուկրաինացի մի խումբ պատգամավորներ դիմել են Զելենսկուն՝ Ռուսաստանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու խնդրանքով։
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ. ՊԵՍԿՈՎ
Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցություններ վարելու ուկրաինական ղեկավարության հետ՝ Ուկրաինայի «չեզոք կարգավիճակի» և այնտեղ սպառազինությունների տեղակայումից հրաժարվելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի ապառազմականացման ռուսական գործողության ժամկետները կորոշի Պուտինը. դա կախված կլինի գործողության արդյունավետությունից և դրա նպատակահարմարությունից: Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի ապառազմականացումը նշանակում է երկրի ռազմական ներուժի չեզոքացում:
ՌԴ հայտարարած ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է. հաղորդվում է զինտեխնիկայի տեղաշարժի և ռազմական օբյեկտների թիրախային հարվածների մասին: Մի շարք բնակավայրերում լսվում են կրակահերթեր և պայթյուններ։ Բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները, որոշները փորձում են անցնել հարևան երկրներ:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Վերջին ժամերի զարգացումներն ամփոփել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ գերատեսչության՝ ռուսական կողմի հարվածների արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռադիոլոկացիոն և հակաօդային պաշտպանության համակարգեր, 4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք:
Ուկրաինայի Զինված ուժերը նույնպես հաղորդում է ռուսական կողմի կորուստների մասին: Պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Սևծովյան շրջանում օգտագործել են Բայրաքթար ԱԹՍ-ներ: Նա հայտնել է նաև երկրի տարբեր շրջաններում ռուսական տանկերի, զրահափոխադրիչների և ուղղաթիռների խոցման մասին:
Մայրաքաղաք Կիևում և մի շարք քաղաքներում միացվել է օդային տագնապի ազդանշան: Բնակիչներին հորդորում են տեղափոխվել ապաստարաններ:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՕԿՈՒՊԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉԿԱ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ռուսաստանցիներին ուղղված տեսաուղերձում Կրեմլի ղեկավարը նշել էր, որ հանգամանքներն իրենց ստիպում են վճռական և անհապաղ գործողությունների դիմել: Պուտինը շեշտել է՝ Ուկրաինան օկուպացնելու նպատակ չկա: Նա հավելել է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներն են դիմել Ռուսաստանին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ռազմական օպերացիայի նպատակը այն մարդկանց պաշտպանությունն է, որոնք 8 տարի շարունակ կիևյան ռեժիմի կողմից ծաղրի և ցեղասպանության են ենթարկվում: Եվ այդ պատճառով մենք ձգտելու ենք Ուկրաինայի ապառազմակնացմանն ու նացիզմի չեզոքացմանը, նաև՝ դատարանի առաջ ենք կանգնեցնելու նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են իրականացրել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ: Ուկրաինայից եկող մշտական սպառնալիքի պատճառով Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, զարգանալ, գոյություն ունենալ: Ոչ ոք չպետք է կասկածի, որ մեր երկրի վրա ուղիղ հարձակումը կհանգեցնի ցանկացած պոտենցիալ ագրեսորի ջախջախմանն ու սոսկալի հետևանքների։