Արտարժույթի փոխանակման երևանյան այս կետում արդեն չորրորդ անգամ են փոխում ռուբլու փոխարժեքը: Առհասարակ, հայաստանյան բանկերում այսօր ռուբլու առքը սկսվում է 5 դրամից, վաճառքը՝ 5.6: Ուկրաինայում ծավալվող գործողությունների ֆոնին ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքը այսօր աճել է գրեթե 10 տոկոսով, հասել պատմական առավելագույնի։
Այսօր առավոտյան Մոսկվայում եվրոն հատել է 100 ռուբլու սահմանագիծը, իսկ 1 դոլարի դիմաց փոխանակման կետերում 90 ռուբլի են առաջարկել:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Արևմտյան հիմնական ներդրողները վաճառքի միջոցով հրաժարվել են ռուբլով ակտիվներից, և դա արդեն իսկ բնականաբար պետք է ազդեր ռուբլու փոխարժեքի վրա, ինչը և տեղի ունեցավ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը այս ֆոնին ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը միտված գործողություններ է արել, ինչի արդյունքում օրվա ընթացքում ռուբլին որոշակիորեն կայունացել է:
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Ռուսաստանը վերջին տարիներին դիմադրողականության որոշակի պաշար է ձևավորել իր համար, մասնավորապես, 600 մլրդ դոլարից ավելի արտարժութային պահուստներ ունի Ռուսաստանի կենտրոնական բանկը, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությունն ունի սուվերեն ֆոնդ՝ շուրջ 200 մլրդ դոլարի ընդհանուր միջոցների ծավալով, և էդ ֆոնդերը ապահովում են Ռուսաստանի դիմադրողականության պաշարը նման շոկային իրավիճակների դեպքում:
Զարգացումների սրացմանը զուգահեռ՝ Եվրամիությունը պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցների փաթեթն է պատրաստվում կիրառել Ռուսաստանի դեմ: Բրյուսելից հայտարարել են՝ սանկցիաները ռուսական տնտեսության ռազմավարական հատվածների դեմ են նաև լինելու, ինչի հետևանքով արգելափակվելու է Մոսկվայի մուտքը հիմնական տեխնոլոգիաների ոլորտ: Բացի այդ, Եվրամիությունը կսառեցնի ռուսական ակտիվները և կդադարեցնի ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկա։ Պատժամիջոցներից տուժում է ոչ միայն Ռուսաստանը, այլև հենց եվրոպական երկրները՝ նշում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը:
Կարեն Սարգսյան - Սանկցիաները ավելի գլոբալ, ավելի մասշտաբային չեն կիրառվում՝ հասկանալով, որ ամբողջ համաշխարհային տնտեսությունն է տուժելու դրանից, և այս պարագայում դեռևս կիրառվում են այն սանկցիաները, այն պատժամիջոցները, որոնց Ռուսաստանը պատրաստ էր:
Ասենք, Իրանի նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառեցին, բայց եթե Իրանի տնտեսական աճի դինամիկան նայում ենք, տեսնում ենք բավական բարձր դինամիկա, ընդ որում՝ Իրանը Ռուսաստանի համեմատ, բնականաբար, տնտեսապես ավելի թույլ է, և Ռուսաստանի հնարավորությունները, թե՛ հումքային, թե՛ էներգետիկ, թե՛ պարենային առումներով, ավելի մեծ են:
Ռուսաստանն էլ գազային լծակ ունի, որը հայելային տարբերակով ցանկացած պահի կարող է գործի դնել:
Նարեկ Կարապետյան - Սակայն, բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային տնտեսության շատ ավելի փոքր սուբյեկտ է, քան Միացյալ Նահանգները, և Եվրամիությունը և էս առումով տնտեսապես ներգործելու լծակները համադրելի չեն:
Ռուսաստանի տնտեսության բացասական հետևանքները Հայաստանի վրա երկու առումով կարող են բացասաբար ազդել՝ տրանսֆերտներ և արտահանում:
Կարեն Սարգսյան - Մեր ազգաբնակչության զգալի մասը՝ շուրջ 15 տոկոս, եթե ոչ ավելի, ապրում է Ռուսաստանի տրանսֆերտների հաշվին, բնականաբար, այդ գումարների արժեզրկման հետևանքով ընկնելու է նաև այդ խավի կենսամակարդակը, և նաև, չմոռանանք, որ Ռուսաստանը մեր համար առաջին առևտրային գործընկերն է, և նաև մեր արտահանման հիմնական մասն ուղղվում է Ռուսաստան, և արտահանման հասույթների արժեզրկումը ևս կազդի տնտեսական իրավիճակի վրա, տնտեսվարողների ֆինանսական վիճակի վրա և, վերջին հաշվով, նաև պետական բյուջեի մուտքերի վրա:
Հայաստանի կենտրոնական բանկից «Լուրերին» հայտնեցին՝ ուշադիր հետևում են Ռուսաստանի ֆինանսական զարգացումներին, մշտական կապի մեջ են շուկայի մասնակիցների հետ, ունեն բոլոր հնարավորություններն ու գործիքները մեր երկրում գները և ֆինանսական կայունությունը ապահովելու համար:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան