ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ. ՊԵՍԿՈՎ
Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցություններ վարելու ուկրաինական ղեկավարության հետ՝ Ուկրաինայի «չեզոք կարգավիճակի» և այնտեղ սպառազինությունների տեղակայումից հրաժարվելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի ապառազմականացման ռուսական գործողության ժամկետները կորոշի Պուտինը. դա կախված կլինի գործողության արդյունավետությունից և դրա նպատակահարմարությունից: Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի ապառազմականացումը նշանակում է երկրի ռազմական ներուժի չեզոքացում:
ՌԴ հայտարարած ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է: Ուկրաինայի որոշ բնակավայրեր անցել են ռուսական ուժերի վերահսկողության տակ, հաղորդվում է զինտեխնիկայի տեղաշարժի և ռազմական օբյեկտների թիրախային հարվածների մասին:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Առանձին շրջաններում Ռուսաստանի և Ուկրաինայի ուժերի միջև մարտեր են ծավալվում:
Մայրաքաղաք Կիև մուտքը փակ է, ելքը՝ բաց: Մի շարք բնակավայրերում լսվում են կրակահերթեր և պայթյուններ։ Բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները, որոշ բնակիչներ փորձում են անցնել հարևան երկրներ:
Վերջին ժամերի զարգացումներն ամփոփել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ գերատեսչության՝ ռուսական կողմի հարվածներից ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռադիոտեղորոշման և հակաօդային պաշտպանության համակարգեր, 4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր:
Ուկրաինայի զինված ուժերը նույնպես հաղորդում են ռուսական կողմի կորուստների մասին: Պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Սևծովյան շրջանում օգտագործել են «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նա հայտնել է նաև երկրի տարբեր շրջաններում ռուսական տանկերի, զրահափոխադրիչների և ուղղաթիռների խոցման մասին:
Մայրաքաղաք Կիևում և մի շարք քաղաքներում միացվել է օդային տագնապի ազդանշան: Բնակիչներին հորդորում են տեղափոխվել ապաստարաններ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ռուսաստանցիներին ուղղված տեսաուղերձում Կրեմլի ղեկավարը նշել էր, որ հանգամանքներն իրենց ստիպում են վճռական և անհապաղ գործողությունների դիմել: Պուտինը շեշտել է՝ Ուկրաինան օկուպացնելու նպատակ չկա: Նա հավելել է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներն են դիմել Ռուսաստանին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով։