Հայ-ռուսական բիզնես ֆորում՝ Բի Թու Բի ձևաչափով: Այ Թի տեխնոլոգիաներից մինչև էներգետիկա և արդյունաբերություն: Ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հայ գործընկերների հետ քննարկում են Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը:
Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Եթե 2019 թվականին մեր ապրանքաշրջանառությունը առաջին անգամ հատեց 2 մլրդ դոլարի սահմանը, ապա 2021 թվականին այն կազմեց արդեն 2.6 մլրդ դոլար: Արտահանումն ավելացել է շուրջ 24 տոկոսով: Կարևորում ենք հայ-ռուսական ձեռնարկությունների ստեղծումն ու համատեղ իրականացված ծրագրերի իրագործումը: Հաջողություն գրանցած վերջին օրինակներից է նախորդ տարի ռուսական «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրության կազմակերպումը Հայաստանում:
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ հիմա աշխատանքներ են տարվում հայ-ռուսական գործարար կապերին նոր շունչ հաղորդելու և գործակցելու նոր ոլորտներ գտնելու ուղղությամբ: Հիմնական նպատակներից է ստեղծել արտահանմանը միտված ձեռնարկություններ, որոնք մրցունակ կլինեն թե՛ ԵԱՏՄ, թե՛ այլ շուկաներում: Անհրաժեշտ է ակտիվացնել արդյունաբերական կոոպերացիան, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան լինել առավել մրցունակ։
Նարեկ Տերյան - Հայաստանում ստեղծված է բարենպաստ միջավայր բիզնեսի համար: Մեծ ուշադրություն ենք դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Այս պահին մեր երկրում գործում է 4 ազատ տնտեսական գոտի, աշխատանքներ են տարվում դրանց քանակը ավելացնելու ուղղությամբ:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչն ընդգծում է՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը:
Աննա Դոնչենկո (ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ) - Վերջին տարիներին հայ-ռուսական առևտրաշրջանառության ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել: Հայաստանում ներդրումներ անելու տեսանկյունից ստեղծված է դրական բիզնես միջավայր: Ռուս գործարարներին Հայաստանում առաջին հերթին գրավում են գոյություն ունեցող հարկային և այլ արտոնությունները:
2021 թվականը հագեցած էր հայ-ռուսական գործարար կապերի ամրապնդման և բիզնես ծրագրերի իրականացման առումով: Ռուսաստանը շարունակում է ավելացնել ինչպես մեքենաների, այնպես էլ արդյունաբերական սարքավորումների և հանքային արտադրանքի մատակարարումները: Հայաստանի տնտեսական ներուժը շատ մեծ է, և այս տարի ևս մեծ աշխատանք կարվի երկու երկրների տնտեսական գործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ նշում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան