Փետրվարի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վահե Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման, եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքերը կանխելու և հարկային հաշվառման որոշ հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ:
Գործող օրենսգրքով` սահմանված դրույքաչափերի տարբերությունները հնարավորություն են տալիս ագրեսիվ հարկային պլանավորման: Մասնավորապես, կազմակերպությունները, հաճախ չունենալով ֆինանսական միջոցների կարիք, ֆիզիկական անձանցից ներգրավում են փոխառություններ: Դրանց դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, միաժամանակ, այդ տոկոսները նվազեցվում են շահութահարկով հարկման բազայից, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը նվազում է ավելի մեծ չափով: Ընդ որում` տվյալ դեպքում կազմակերպությունները խուսափում են նաև շահաբաժիններից, և դրանց մասով հաշվարկվող եկամտային հարկի վճարումից:
Պասիվ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկն իրականացվում է հաշվառման դրամարկղային մեթոդով, և գործնականում հաճախ հանդիպում են եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքեր:
Նախագծով առաջարկվում է վերանայել փոխառությունների և ոչ հրապարակային եղանակով տեղաբաշխված պարտքային արժեթղթերի դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը:
Եկամտային հարկի հաշվարկումից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով առաջարկվում է նաև ֆիզիկական անձանց ստացման ենթակա պասիվ եկամուտների` դրանց հաշվեգրման հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստացվելու դեպքում եկամտային հարկը հաշվարկել 12-րդ ամիսը ներառող հաշվետու ժամանակահատվածում` 20 տոկոս դրույքաչափով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել է եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգ ունենալու հարցին` նշելով, որ ակտիվ և պասիվ եկամուտների դեպքում տարբերություն չպետք է լինի: «Եթե մարդը ստանում է եկամուտ, այդ եկամուտը պետք է հարկվի միասնական դրույքաչափով»,- նշել է փոխնախագահը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ օրինագիծն ուժի մեջ մտնելու համար սահմանել են 2023 թ. հունվարի 1-ը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Փոփոխությունների արդյունքում հարկ վճարողներին հնարավորություն կընձեռվի իրենց առարկությունները հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: