Աշխարհը նվաճող էլեկտրամոբիլներում կարող է հայկական գյուտ օգտագործվել։ Հեղինակը Գագիկ Շմավոնյանն է։ Նրա գիտական թիմը գրաֆեն ստանալու արդեն երկու սարքավորում է ստեղծել․ առաջինը՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի գործընկերների հետ, երկրորդը՝ Պոլիտեխնիկում ստացած դրամաշնորհով։
Գագիկ Շմավոնյան (ՀԱՊՀ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի պրոֆեսոր) - Երբ որ գրանտը ստացանք, ստեղծեցինք էս մյուս սարքը, որը հնարավորություն է տալիս լիթիում-իոնային էլեմենտների մարտկոցների վրա ստանալ գրաֆենային շերտ, որը համաշխարհային խնդիր է, որպեսզի կարողանանք ջերմաստիճանն իջեցնել: Սա բոլոր էլեկտրական մեքենաների, սարքավորումների համար կարող է կիրառվել՝ էլեկտրամոբիլների, այո՛, էլեկտրամոբիլների, բոլոր էլեկտրամոբիլները աշխատում են լիթիում-իոնային մարտկոցներով:
Բարդ գործ չէ, Մանչեսթրի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկայի բնագավառի 2010 թվականի Նոբելյան մրցանակակիրների աշխատությունն ու Իսպանիայի լաբորատորիայում աշխատելու փուլում՝ եռաչափ գրաֆիտից երկչափ գրաֆեն ստանալու ավելի պարզ տեխնոլոգիա մշակել՝ ժպտում է Շմավոնյանը։ Թիմի հայտնագործությունը պատենտավորված է Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ու ինքը հիմա Երևանում, հանգիստ խղճով բոլորին ցույց է տալիս այս սենյակում ստացվող էլեկտրա- և ջերմահաղորդող, աշխարհում ամենաբարակ՝ 0,345 նանոմետր հաստությամբ՝ մարդու մազից միլիոն և ավելի անգամ բարակ, բայց շատ ամուր նյութը:
Պաշտպանիչ գրաֆենով Շմավոնյանը տարիներ առաջ նաև Լուվրի նմուշներն է պատել։ Որպեսզի նրա նման գիտաշխատողները բուհից չհեռանան՝ մասնավոր բիզնեսի մոտ կամ արտասահմանում ֆինանսավորում փնտրելու, Պոլիտեխնիկական համալսարանն առաջինը Հայաստանում տեսական մշակումներն ապրանքայնացնելու ֆոնդ է ձևավորել։ Կիրառել են մասամբ վենչուրային հիմնադրամի, մասամբ՝ ստարտափներին խրախուսելու մոդելը, այնպես որ, մտմտող թիմերը փորձերի համար կարողանան ժամանակակից սարքավորումներ ունենալ և ուսանողից ասպիրանտ ու ղեկավար՝ նորմալ աշխատավարձ ստանան՝ բացատրում է բուհի ռեկտորը։
Գոռ Վարդանյան (ՀԱՊՀ ռեկտոր) - Առաջին անգամ բուհի պատմության մեջ բուհի բյուջեում առանձնացվել է հոդված՝ ներբուհական գիտական դրամաշնորհների անվամբ, 50 մլն դրամի չափով այս տարի, սա պիլոտային է:
Ըստ Վարդանյանի՝ իրենց բուհը բացառիկ է այն իմաստով, որ ունի տեխնոլոգիական նորարարությունների մշակմանն անհրաժեշտ կադրային ամբողջ շղթան։ Օրինակ է բերում՝ օպտիկական ֆիզիկայից մինչև ծրագրավորման, դիզայնից ռոբոտատեխնիկայի ֆակուլտետների պոտենցիալը միավորվի՝ հնարավոր է անօդաչու թռչող սարքերի մասին մտածել։ Այդպես՝ դասախոսը կկարողանա տեղում ռեալիզացնել իր գաղափարներն ու դրանով փող վաստակել։ Բուհը կշահի՝ պահելով ինժեներական թարմ, նոր մտածողությամբ կադրերին։ Ուսանողն էլ, որ ռեալ հետաքրքրվի, երբեք բաց չի թողնի լսարանային պարապմունքը՝ ասում է Գոռ Վարդանյանը։
Գոռ Վարդանյան - Եթե մենք նման հետազոտողների համայնք չձևավորենք պոլիտեխնիկում կամ բուհերում, մենք չենք կարող բարձրացնել գիտության ու կրթության որակը:
Երկու-երեք շաբաթից բուհի նոր հիմնադրամը կհայտարարի դրամաշնորհների մրցույթը։ Ով-ով՝ Շմավոնյանի թիմը հաստատ է դիմելու խորդուբորդ ու հարթ մակերեսները գրաֆենապատող երկու սարքերը մեկում արդիականացնելու համար։
Գագիկ Շմավոնյան - Այս երկուսը մենք փորձում ենք միավորել, աշխատանքները սկսած են, որ կարողանանք տեխնոլոգիան կիրառել բոլոր առարկաների վրա:
Փորձեր հիմա էլ են անում, բայց երբ գումար չկա, պրոֆեսորն անկեղծանում է, աշխատանքը դժվար է առաջ գնում: