Փետրվարի 25-ի բացառիկ համերգին ընդառաջ հռչակավոր դիրիժոր Վասիլի Պետրենկոն ազգային ֆիլհարմոնիկի հետ փորձի ընթացքում նոտա առ նոտա ճշգրտում է նվագախմբի ու դիրիժորի փոխադարձ ընկալման սահմանագիծը. Պետրենկոյի դեպքում այն միշտ ձգտում է կատարելության, և դիրիժորը փաստում է՝ հայկական ֆիլհարմոնիկի հետ փոխըմբռնումը ստացվել է:
Վասիլի Պետրենկո (դիրիժոր, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր) - Նվագախմբի ու դիրիժորի գործակցության հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան է նվագախումբն ընդունում այն գաղափարները, որոնք առաջարկում է դիրիժորը: Այս նվագախմբին հարազատ է այն ինտերպրետացիան, որ ես առաջարկում եմ իրենց: Եվ մինչև այս պահը մենք հրաշալի փոխըմբռնում ունենք:
Իր առաջին այցից 35 տարի անց նա դարձյալ Երևանում է, եկել է Էդուարդ Թոփչյանի հրավերով, և նրա ղեկավարությամբ ֆիլհարմոնիկը կնվագի Վեբեր, Ռավել և Բրամս: Թոփչյանն ընդգծում է՝ նման առաջնակարգ դիրիժոր վերջին 50 տարվա ընթացքում հայկական որևէ նվագախումբ չի ղեկավարել:
Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) - Մեծ ձգտում ունենք, որ ամենաբարձր կարգի դիրիժորները գան և աշխատեն մեր ֆիլհարմոնիկի հետ, և այս տարի մեզ հաջողվել է մի քանի այդ կարգի դիրիժորներ բերել: Հիմա մեր կողքին Պետրենկոն է, որն աշխարհի փայլուն դիրիժորներից է, և իր հետ է նաև Սիմոն Տրպչեսկին:
Երկու հրավիրյալ երաժիշտները կապված են երկարամյա համագործակցությամբ և մտերմությամբ: Տրպչեսկին նաև շատ բարձր է գնահատում մեր ֆիլհարմոնիկի նվիրումը դասական երաժշտությանը:
Սիմոն Տրպչեսկի (դաշնակահար, Մակեդոնիա) - Նվագախմբի ամբողջ թիմն ինձ ծանոթ է, մենք շատ լավ համերգներ ենք ունեցել: Երջանկություն է կրկին լինել Հայաստանում և նվագել ֆիլհարմոնիկի հետ:
Աշխարհի լավագույն համերգային հարթակներում, ի թիվս այլ երաժշտական հսկաների, Պետրենկոն նաև Խաչատրյան և Բաբաջանյան է հնչեցրել, հաճախ է անդրադառնում նաև ժամանակակից հեղինակներին: Իսկ երևանյան համերգը փառահեղ երաժշտության մեծ տոն է խոստանում երաժշտասերներին. Պետրենկոն, ինչպես միշտ, ձգտելու է իր ներսում հնչող երաժշտությունը հասցնել անզուգական կատարման: