«Արմաթն օդում» ծրագրով հերթական լաբորատորիան է բացվել Գյումրիի համար 26 ավագ դպրոցում: «Ի՞նչ է անօդաչու թռչող սարքը» հարցի պատասխանը դպրոցականները կկարողանան գտնել այս աշխատանոցներում: Բացի ուսուցումից՝ ծրագրով հնարավորություն է ընձեռվում իրենց ԱԹՍ-ն ստեղծել ու կառավարել այն:
Խաչատուր Թադևոսյան («Արմաթն օդում» ծրագրի համակարգող) - Սկսած պարզագույն մոդելներից, որոնք սկզբում են իրենք պատրաստելու, այնուհետև կարողանալու են ավելի բարդ մոդելներ նախագծել:
«Արմաթն օդում» ծրագրում կարող են ներգրավվել նաև մարզերի դպրոցականները: Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում կբացվի 65 լաբորատորիա:
Երևանից բացի՝ ԱԹՍ աշխատանոցներ են արդեն բացվել Գորիսում, Կապանում, Սիսիանում, Թալինում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, նաև Արցախում՝ Ստեփանակարտում: Դասընթացի տևողությունը կլինի մեկ տարի՝ 250 դասաժամ:
Սեդրակ Վարդանյան («Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար) - Շուրջ 1700-1800 երեխա կհաճախի ԱԹՍ աշխատանոցներ: Մեր գնահատականով մոտ 1200 երեխա, երբ որ կգնան ժամկետային ծառայության, կտիրապետեն ԱԹՍ-ների պատրաստում, տեխնիկական սպասարկում մասնագիտությանը և դրանց թռիչքների կառավարման հմտություններ կունենան:
Ոչ միայն զինված ուժերում, այլև տնտեսության ճյուղերում ևս ԱԹՍ մասնագետները պահանջված են լինելու, վստահ է Սեդրակ Վարդանյանը: 65 լաբորատորիա նախատեսվում է բացել երկու տարվա ընթացքում: Հինգերորդ սերնդի տեխնոլոգիաներն արագ են զարգանում, ԱԹՍ մասնագետներ ունենալու համար ներդրումներ են անհրաժեշտ: «Արմաթն օդում» աշխատանոցներ կարող են այցելել 14-18 տարեկան դպրոցականները: