Այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդի մամուլի ասուլիսը:
Կալյուրանդն իր ելույթում շեշտեց, որ տեսնում են ժողովրդավարության ճանապարհին Հայաստանի բարեփոխումները և ձեռքբերումները։ Այս առումով, ըստ նրա, Հայաստանն առաջատարներից է տարածաշրջանում։
Կալյուրանդը տեղեկացրեց, որ կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտությունը։
«Ես ասացի, որ պատերազմը երբեք լուծում չէ, անկախ նրանից, թե ինչ կասի Ադրբեջանը միակողմանի։ Լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
Մենք ընդգծեցինք նաև Բաքվում գտնվող ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը։ Մենք կշարունակենք սա կրկնել, մինչև ՀՀ վերջին քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Կալյուրանդը։
Կալյուրանդի խոսքով՝ բոլորն ունեն խաղաղության ու բարգավաճման իրավունք, դրան կարելի է հասնել դիվանագիտության միջոցով։
«Ես իրապես ցավում եմ այն կյանքերի համար, որ կորսվել են, ցավում եմ բոլոր ընտանիքների տառապանքների համար»,- ասաց նա։