Հայաստանում օգտագործվող կոմունիկացիոն հավելվածների շարքում չորրորդը, ավելի բարձր դիրքում, քան, օրինակ՝ Ֆեյսբուքի մեսինջերը. Գեթկոնտակտ հավելվածը մեր երկրում ներբեռնումների նոր թափ է առել: Հեռախոսահամարները բացահայտող հավելվածի նկատմամբ նման հետաքրքրությունը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանին ստիպել է կրկին անդրադառնալ դրան: Դեռ 4 տարի առաջ Մարտիրոսյանն առաջին անգամ խոսեց այս հավելվածի վտանգների մասին:
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Էսօր որ բացում ես, տեսնում ես, որ ինքը ինչ-որ անմեղ կազմակերպություն ա ստեղծել, բայց երբ որ ինքը շուկա մտավ, կարծեմ 4-5 տարի առաջ էր, էնտեղ շատ հստակ էր, այդ կազմակերպությունը ուներ ստեղծած 3 հավելված, 2-ը թուրքերեն էին, Գեթկոնտակտն էլ մենակ անգլերեն ու թուրքերեն լեզուներով էր: Այսինքն՝ ինքը ակնհայտ թուրքական արտադրության կայք էր ու հավելված:
Ժամանակի ընթացքում ընկերությունը փոխեց գրանցման հասցեն և հիմա հաշվառված է Մեծ Բրիտանիայում, ընդ որում, Գեթկոնտակտը այդ ընկերության ստեղծած միակ պրոդուկտն է: Ըստ Մարտիրոսյանի՝ ակնհայտ է, որ թուրքական հետքն են մաքրում: Մեդիափորձագետը պնդում է, դժվար է պատկերացնել թուրքական մի հավելված, որը հավաքագրում է անձնական տվյալներ և կապ չունի այնտեղի հատուկ ծառայությունների հետ:
Սամվել Մարտիրոսյան - Հավելվածը իրավունք ունի ձայնագրել տեսանյութեր, ընդ որում՝ ընդեղ նենց ա գրանցած, որ ինքը կարող է մյուս միացրած հավելվածների վրա, իրան պետք չի միացրած հավելվածը անջատի, նոր ինքը առաջ գա, ինքը կարա անի մյուս հավելվածի վրայից: Ձեր ինտերնետ թրաֆիկը կարող է տեսնել, ֆայլերը ուսումնասիրել: Լավ, գեղեցիկ լրտեսական հավելված է:
Հավելվածը առանց օգտատիրոջը հարցնելու կարող է ֆիքսել և ձայնագրել զանգերը, տեսա- և լուսանկարահանել, անգամ պահպանում է տեղանքի տվյալները: Բացի այդ, գրանցվելիս հավելվածը պահանջում է անհամեմատ ավելի շատ տեղեկություն, քան իրեն պետք է աշխատանքի համար:
Սամվել Մարտիրոսյան - Խնդիրը նրանում ա, որ ես կարող եմ Գեթկոնտակտ չունենամ, բայց իմ 50 ընկեր Գեթկոնտակտ ունենա: Դա նշանակում ա, որ էն 50 հոգին, որ իմ հեռախոսի համարը գրել են, ընդ որում՝ նենց ա գրած, որ շատ դեպքերում երևում ա մասնագիտությունը, պատկանելությունը և այլն, դա ներբեռնվում ա Գեթկոնտակտ ու նաև դառնում ա հասանելի բոլորին: Ու կարող եք հասկանալ, որ ամբողջ բազան ինչ-որ մեկը ունենա Գեթկոնտակտի, կարող է հստակ իմանալ, զինվորականներին՝ իրանց պաշտոններով, որովհետև ընկերներից մեկը գրել ա իրա կոչումը, օրինակ՝ ռազմական, կամ ԱԱԾ աշխատողների կարելի ա բացահայտել ու հազար ու մի ուրիշ բան:
Մարտիրոսյանը ընդգծում է՝ շատ երկրներում Գեթկոնտակտը արգելված է և արգելափակված, այդ թվում՝ Ադրբեջանում: Կրկին հորդորում է՝ անմիջապես ազատվել հավելվածից, չվտանգել թե՛ սեփական անձնական տվյալների արտահոսքը, թե՛ մյուսների: