ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայոողի մասին» օրենքում։ Նախագիծը նա ներկայացրեց ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում։
«Փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ԶՈՒ-ում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասաց Սարգսյանը։
Գործող օրենքի կարգավորումներով՝ զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:
Շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: