ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության բնագավառում 2021 թվականի ընթացքում իրականացրել է 27 ստուգում, որից 10-ը՝ տարեկան ծրագրով, 17-ը՝ ըստ անհրաժեշտության։
Տարեկան ծրագրով իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է 637 խախտում, որից 84-ը՝ Արարատի, 54-ը՝ Արմավիրի, 89-ը՝ Արագածոտնի, 58-ը՝ Կոտայքի, 67-ը՝ Վայոց Ձորի, 77-ը՝ Սյունիքի, 26-ը՝ Շիրակի, 60-ը՝ Լոռու, 75-ը՝ Գեղարքունիքի և 47-ը՝ Տավուշի մարզերում։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացված՝ ըստ անհրաժեշտության 17 ստուգումից 4-ը կատարվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, 13-ը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև հանրությունից ստացված բողոքների հիման վրա։
2021 թվականի ընթացքում իրականացված պլանային և ըստ անհրաժեշտության ստուգումների արդյունքում արձանագրվել է 851 խախտում, հիմնականում արձանագրվել են նպատակային նշանակության, գործառնական նշանակության և օտարման կարգի խախտումներ։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ որոշ համայնքներում հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով, մասնավորապես չի վարվում հերթապահ կադաստրային քարտեզ:
Սխալ են կազմված համայնքների հողային հաշվեկշիռները, որոնք հետագայում դառնում են մարզի, այնուհետև՝ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։
Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 36 հաղորդում։