Փետրվարի 20-ին՝ երեկոյան, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, խոշոր ու ողբերգական վթարի կադրերն են. 5 մահ... իսկ 15-ամյա աղջիկը գլխուղեղի և թոքերի սալջարդով, ազդրոսկրերի կոտրվածքներով վերակենդանացման բաժանմունքում է: Անգիտակից: Միացված է արհեստական շնչառության սարք: Նախաքննության ընթացքում պարզվել է՝ 28-ամյա վարորդը վթարի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Վարդան Թադևոսյան (Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար) - Հարցաքննվելիս տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մեկ լիտր արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 1.73 միլիգրամ, որոշում է կայացվել 28-ամյա վարորդից արյան փորձանմուշ վերցնելու մասին, և նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Ալկոհոլի թույլատրելի պարունակությունը 0,12 միլիգրամից քիչ պետք է լինի:
Ընդհանուր առմամբ, միայն Երևանի քննչական վարչության ՃՏՊ քննության բաժնում նախորդ տարի քննվել է 369 քրեական գործ:
369 քրգործից 145-ը՝ 142 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան, 141-ը կարճվել է, որից 69-ը՝ ոչ արդարացնող, 72-ը՝ արդարացնող հիմքով, 49-ը կասեցվել է, որից 40-ը՝ չբացահայտվելու, 9-ը՝ հետախուզման պատճառաբանություններով:
Երևանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է 78 քրեական գործ, 79 մեղադրյալի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, որից 53-ը՝ մահվան ելքով: 111 գործի վարույթ կարճվել է, 37-ը՝ մահվան ելքով, 55-ը արդարացվել է:
Մարզերում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է 105 քրեական գործ, 108 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, որից 70-ը՝ մահվան ելքով: 207 գործի վարույթ կարճվել է, 79-ը՝ մահվան ելքով, որից 86-ը արդարացվել է:
Նախատեսված արագության գերազանցում, անուշադրություն, տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու թույլտվության խախտում՝ Ճանապարհային վթարների հիմնական պատճառներն են՝ նշում է Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալը: Լինում են դեպքեր, երբ հետիոտները, առանց համոզվելու, որ մեքենան կարող է արգելակել և զիջել ճանապարհը, միանգամից փորձում են հատել ճանապարհը:
Սամվել Սամվելյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ) - Հաճախակի են լինում դեպքեր, երբ հետիոտները ճանապարհը հատում են ոչ նախատեսված վայրերով, և նման դեպքերում քննիչը արձանագրում է, որ դեպքի վայրին մոտ առկա են ստորգետնյա, վերգետնյա անցումներ:
2021-ի ընթացքում քննվել է Երևանում տեղի ունեցած ՃՏՊ ավելի քան 180 դեպք, որից 72-ը վթար, 100-ը վրաերթ:
Սամվել Սամվելյան - 21 թ. ընթացքում 78 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 82 անձ մահացել է, նրանցից 5-ի մահվան պատճառ է եղել սրտային անբավարարությունը: 157 անձ ստացել է մարմնական վնասվածքներ:
2017 թ. մայրաքաղաքում եղել է 189 վթար, որից զոհվել է 34, վիրավորվել՝ 307 մարդ: 18 թ. վթարների թիվը նվազել է՝ 138 վթար, 48 զոհ, 199 վիրավոր: 2019-ին Երևանում կտրուկ նվազում է գրանցվել՝ 85 դեպք, 20 զոհ, 113 վիրավոր: