«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակների առաջացման դեպքում, որը, կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել խաղաղությունը կամ ազդել անվտանգային շահերի վրա»:
Սա Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները որակապես նոր մակարդակ տեղափոխող դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի 43 կետերից 6-րդն է: Ըստ հռչակագրի՝ կողմերը կխորացնեն ռազմաքաղաքական, դիվանագիտական, առևտրատնտեսական ու մշակութային գործակցությունը, նաև փոխգործակցությունը զինված ուժերի միջև՝ ներառյալ օպերատիվ և մարտավարական միջոցառումների անցկացումը:
Արցախյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարությունն ավելացել է Ադրբեջանի հաշվին, և, փորձագետի կարծիքով, Ռուսաստանն այժմ փորձում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:
Բացի այդ, ռուս-ադրբեջանական մերձեցումն այս փուլում պայմանավորված է այդ թվում ռուս-ուկրաինական լարված հարաբերություններով: Այս հարցում նախկինում Ռուսաստանը լուրջ քննադատության էր ենթարկվում նաև պաշտոնական Բաքվի կողմից, որն իր աջակցությունն էր հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն հիմա լռում է:
Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի 16-րդ կետը միմյանց ռազմական օգնության հնարավորություն է տալիս: Այստեղ խնդրահարույց դրույթներ է նկատում Տարոն Հովհաննիսյանը: Ադրբեջանի համար որպես արտաքին սպառնալիք՝ Հայաստանն է դիտարկվում: Այդ դեպքում հնարավոր ռազմական գործողությունների պարագայում ո՞րն է լինելու Ռուսաստանի դիրքորոշումը:
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ստորագրումը «Լուրերի» խնդրանքով մեկնաբանել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Ըստ ՀՀ արտաքին քաղաքաղան գերատեսչության՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը:
«Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման։ Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի՝ առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»:
Մասնագետների կարծիքով՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները բովանդակային առումով երբեք իրական դաշնակցային չեն լինի, որովհետև Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ հակված է դեպի Թուրքիա և ռազմավարական հարաբերությունները չի ստորադասի Մոսկվայի հետ հարաբերությունների պատճառով: Հայկական կողմի պատասխան քայլը, ըստ նրանց, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելն է՝ ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում: