Պատերազմի հետևանքով անօթևան մնացած շուռնուխցի ընտանիքների համար պետական աջակցությամբ նույն բնակավայրում կառուցվող 13 առանձնատնից 4-ը շուտով պատրաստ կլինեն: 170 ք. մ մակերեսով 5 սենյականոց տները նախատեսված են միջինը 5 անդամ ունեցող ընտանիքների համար: Կառավարության աջակցությամբ կառուցվող յուրաքանչյուր տան համար նախատեսված է մոտ 55 մլն դրամ: Արդեն մեկնարկել են ներքին հարդարման աշխատանքները: Տները շահագործման կհանձնեն ավարտուն տեսքով:
Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Արդեն 4-ի տանիքը դրել են ու հերթով դրվում է, շատ որակյալ աշխատանք է: Ոչ մի խնդրի չկա:
Նոր թաղամասում առանձնատների կողքին կլինի առևտրի սրահ, մանկապարտեզ, ստորգետնյա խաղասրահ և սքեյթի հարթակ: Թաղամասի շինաշխատանքներին հետևում է Սյունիքի մարզպետը: Գոհ է կառուցապատման ընթացքից, ասում է՝ կարևոր է, որ անտուն մնացած շուռնուխցին զգա՝ պետությունն իր կողքին է: Շինարարները դուռ-պատուհան արդեն դրել են, գաջապատման աշխատանքներն են ընթանում:
Վարդան Վարդանյան (շինարար) - Ով էս տանը ապրի, թող 15 հատ երեխա ունենա, ինչ կորցրել ենք, թող վերականգնվի: Շուռնուխը բարգավաճի, երեխեքը շատանան, ով որ տուն է կորցրել, գան ապրեն:
Շուռնուխում կառուցվող նոր թաղամասը կլինի Սյունիքի ճարտարապետական ավանդական սկզբունքներով՝ կարմիր տանիքներով և պատերի բալենի շարվածքով: Գյուղատնեսությունն ու անասնապահությունը խթանելու համար կառուցվելու են նաև խելացի անասնագոմ, սպանդանոց, սառնարանային տնտեսություն և պահեստներ:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան