1956 թվականին Նարա Շլեպչյանն ազդարարեց Հայկական հեռուստատեսության մեկնարկը։ Տարիների ընթացքում նա սկսեց վարել բազմաժանր հաղորդումներ, դարձավ հայկական հեռուստատեսության պատմության կենդանի խորհրդանշան։ Ավելի քան 65 տարի է՝ Հայկական հեռուստաընկերություն ու Նարա Շլեպչյան անունները դարձել են հոմանիշ։
65 տարի անց հաղորդավարն իր երկրորդ տանը կրկնում է հայտնի խոսքերը. «Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, այսօր տոնական օր է, բացվում է Հայկական հեռուստատեսությունը»։
Նա դարձավ 87 տարեկան։ Ծննդյան օրը հարազատ վայրում մեկ այլ առիթ կա։ Հաղորդավարի առաջին եթերի բացման խոսքն այսուհետ կարելի է կարդալ Հանրային հեռուստաընկերության պատին:
Տարիներ առաջ ասված խոսքերի կողքին ժողովրդական արտիստն այսօր շարունակում է խորհուրդներ տալ։
Նարա Շլեպչյան, ՀՀ ժողովրդական արտիստ - Աշխատեք անձնուրաց՝ մեր ժողովրդի համար, սիրեք ձեր աշխատանքը, հարգեք ու սիրեք մեր ժողովրդին, մեր հայրենիքը:
Նրա վաղեմի գործընկերուհին պատմում է, որ Հանրային հեռուստաընկերության լավագույն հաղորդավարները սովորել, ոգեշնչվել են հենց Շլեպչյանից։
Էլմիրա Արսենյան, Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր - Հեռուստատեսություն եկել եմ այն ժամանակահատվածում, երբ Նարա Սուրենովնայի ամենածաղկուն շրջանն էր։ Սովետական Միության բոլոր քաղաքներում համատեղ նկարահանումներ, հաղորդումներ։ Այդ ամենն ինքն էր վարում, ներկայացնում։
Հայտնի հաղորդավարի խոսքով՝ այս արարողությունը խորհրդանշում է ոչ միայն հեռուստատեսության ծնունդը, այլ նաև տարիների ընթացքում Հանրայինի ունեցած ձեռքբերումները։ Ինքն այսօր էլ պատրաստակամ է սովորեցնել երիտասարդ հաղորդավարներին՝ սիրել մասնագիտությունը, աշխատել հանուն հայրենիքի։
Հեղինակ՝ Անի Ավագյան