Հունվարի սկզբից մեկնարկած նոր կորոնավիրուսային հիվանդության 5-րդ ալիքն աստիճանաբար մարում է, ինչի մասին վկայում են «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից պարբերաբար մշտադիտարկվող ցուցանիշները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Մասնավորապես, սույն թվականի փետրվարի 22-ից հետո, երբ արձանագրվել էր Covid 19 առավելագույն օրական դեպքերը՝ 4388, փաստացի բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը կրճատվել է 2.1 անգամ, իսկ վարակի տարածվածության և հայտնաբերման համար կարևոր նշանակություն ունեցող կատարված թեստավորումների և դրական դեպքերի հարաբերության ցուցանիշը նվազել մինչև 13.4%՝ փետրվարի 22-ի 45.7%-ի փոխարեն:
Որոշակի լարվածության թուլացում է արձանագրվում նաև նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին սպասարկող «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid 19-ը բաժանմունքում, որտեղ բուժվող պացիենտների թիվը վերջին 10 օրերին կրճատվել է շուրջ 16%-ով:
Միևնույն ժամանակ, վարակը շարունակում է մնալ հանրային առողջության լուրջ մարտահրավեր՝ հանգեցնելով մարդկային կորուստների՝ հատկապես տարեցների շրջանում, հետևաբար հակահամաճարակային պարզ կանոններին հետևելը, պատվաստումներից չխուսափելը շարունակում է մնալ հիվանդության ծանր և անդառնալի դեպքերի կանխարգելման լավագույն միջոցը»,- ասված է Արմեն Մուրադյանի գրառման մեջ: