ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Հայաստանն արձանագրությունը ստորագրել է 2018 թվականին։
«Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում գործող փաստաթղթերին միանալու գործընթացը։
Արձանագրության կիրառումը կնպաստի ահաբեկչության բոլոր ձևերի կանխարգելմանը, մարդու իրավունքների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետևանքների կանխմանը, նաև առավել կհամախմբի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կոնվենցիայի կողմ պետությունների ջանքերը և կխորացնի դրանց արդյունավետ փոխգործակցությունը»,- ասաց Հայրապետյանը։
Նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը։