Գյուղամիջում նախկին ակումբի շենքը բավական ինքնատիպ կերպով վերակառուցվել է ու շուտով կհյուրընկալի զբոսաշրջիկներին: Սա համայնքին պատկանող առաջին հյուրանոցն է Հայաստանում, որն իրագործվել է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրով, ՌԴ-ի ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործակցությամբ՝ մարզերում խթանելու կայուն զբոսաշրջությունը:
Դիտավանցիների հիմնական զբաղմունքին՝ հողի մշակմանը և այգեգործությանը զուգահեռ, եկամտի ևս մի հնարավորություն:
Հակոբ Սարիբեկյան (Իջևան համայնքի Դիտավան գյուղի վարչական ղեկավար) - Ծրագրի սկզբունքն է՝ շենքը մասնավոր չէ, պատկանում է Դիատավան համայնքին, շենքի շահագործումից ուղղակի ձևով կօգտվի համայնքը, Դիտավան գյուղը, փաստացի աշխատատեղեր կստեղծվեն, նաև անուղղակի ազդեցություն կունենա ընդհանուր գյուղի զարգացման համար, և ստացված շահույթից մասհանում կարվի համայնքային բյուջե, կծառայի տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը:
Դիտավանցիների սրտով էր, որ 1950-ականներից գյուղի անցուդարձի կենտրոնում գտնվող այս շինությունը փրկվեց և երկրորդ կյանք ստացավ, գյուղին էլ նոր կյանք կտա: Պատրաստ են ընդունել հյուրերին, գուցեև զարմացնել:
Սերգո Գրիգորյան (Իջևան համայնքի Դիտավան գյուղի բնակիչ) - Շատ լավ գյուղ է, շատ լավ բնություն ունենք, լավ տեղեր ունենք ման գալու, գոմեշներ կան, գոմեշի մածուն կուտեն, տուրիստները սիրում են, էլի, կգան, կշփվենք, ինչ-որ բան կվաճառենք, էլի զարգացում է, էլի:
Ներսուդրսից հետաքրքիր տեսքով ու հարդարմամբ զբոսաշրջային կենտրոնում ապահովված են հանգստի և ժամանցի պայմանները, նույնիսկ տանիքն է դրան հարմարեցված; Համայնքային հյուրանոցի գործարկման արդյունավետ տարբերակն արդեն հայտնի է:
Հակոբ Սարիբեկյան - Նախատեսվում է հավատարմագրմամբ հանձնել բիզնեսին, տուրօպերատորներին, այսինքն՝ պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր կարող են աշխատեցնել, մրցութային կարգով:
Քանի որ հյուրանոցում տեղերը սահմանափակ են, Դիտավանի համար այս նոր՝ զբոսաշրջային ուղղության զարգացմանը կմասնակցեն նաև գյուղի բնակիչները:
Գյուղը գազիֆիկացված է, տների տանիքներին փայլում են արևային տաքացուցիչները, հյուրընկալ դիտավանցիները սպասում են զբոսաշրջային սեզոնին, նաև՝ գյուղ տանող ճանապարհի նորոգմանը, որն ակնկալվում է այս տարի: