Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն առցանց հանդիպում է անցկացրել Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի ծրագրերի համակարգող խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի ծրագրերի պորտֆելի ղեկավար Ֆրանկ Մյորշլը, ծրագրերի բաժնի ղեկավար Թոմաս Էյզենբախը և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։
Քննարկվել են երկկողմ ձևաչափում համատեղ ծրագրերի ընթացքը և դրանց ընդլայնմանն ու երկարաձգմանը վերաբերող հարցեր։ Նախարար Հակոբ Սիմիդյանն իր երախտագիտությունն է հայտնել ներդրված ջանքերի և շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցության համար, նախարարը վերահաստատել է Շրջակա միջավայրի նախարարության պատրաստակամությունը շարունակական համագործակցության՝ համատեղ ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2015 թվականից KfW-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրին, որը միտված է Սյունիքի մարզի թվով 7 բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացմանն ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև վերոհիշյալ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտու 32 բնակավայրերի սոցիալ տնտեսական վիճակի բարելավմանը։ Նախանշված գործողությունները ավարտին հասցնելու նպատակով ծրագիրը երկարաձգվել է 18 ամսով։
Քննարկվել է նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը, որով կապահովվի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի։
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23,208,483.13 եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից՝ KfW միջոցով:
Ի լրումն Հայաստանի Հանրապետության և KfW-ի միջև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային համաձայնագրի՝ 2021թ. հուլիսին ստորագրվել է 3 միլիոն եվրո գումարի չափով լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպում-քննարկումները և գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ ստորագրված պայմանագրերից բխող պարտականությունների լիարժեք իրականացմանը։