Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախատեսում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոններ ներդնել, որոնց պարտավոր կլինեն հետևել բոլոր պաշտոնյաները: Հարցը քննարկվել է բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելմանը նվիրված համաժողովին:
Հայկուհի Հարությունյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ - Դրանք վերաբերում են կոռուպցիոն այնպիսի հնարավոր ռիսկերի, ինչպիսին շահերի բախումն է, պաշտոնի հետ այլ ցանկացած վճարովի աշխատանքի, բացառությամբ ստեղծագործական աշխատանքի հետ համատեղելիությունը, վճարովի որպես այլ աշխատանք, այլ սահմանափակումներ, ինչպես նաև ազգակցական կապի առկայության պարագայում համատեղ աշխատանքը և այլն: Այսինքն՝ սրանք արդեն ամբողջությամբ ինստիտուցիոնալ տարբերակով ներդրվող նոր կանոններ են, որոնց միջոցով հանրային ծառայողի աշխատանքը դառնում է կոռուպցիայի ռիսկերից ավելի զերծ, բայց նաև հաշվետու:
Հայաստանը մտադիր է տեղայնացնել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների փորձը: Եվրոպական պատվիրակության ներկայացուցիչները նշել են՝ այն երկրներում, որտեղ տիպային կանոններն արդյունավետ կիրառում են, կոռուպցիայի ռիսկերը նվազել են: Հայաստանը եվրոպական մոդելը տեղայնացնելիս հաշվի է առել նաև մեր երկրի առանձնահատկությունները:
Մուստաֆա Ֆերատի, Եվրոպայի խորհրդի տնտեսական հանցագործությունների և համագործակցության ստորաբաժանման ղեկավար - Հայաստանն առաջընթաց է գրանցել, բայց դա չի նշանակում, որ աշխատելու տեղ չկա: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար, կարծում եմ, պետք է նախևառաջ բարձրացնել հանրային իրազեկումը, ունենալ կայացած ինստիտուտներ և պատրաստակամություն՝ մինչև վերջ գնալու:
Վարքագծի կանոններ նախկինում գործել են հանրային ծառայության մասին օրենքի շրջանակում, բայց դրանց արդյունավետությունն այնքան էլ մեծ չի եղել՝ նշում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը: Ակնկալվում է, որ կառավարման պետական համակարգում ընդգրկված հանրային ծառայողները կդառնան ավելի բարեվարք:
Լիլիթ Ալեքսանյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ - Մենք պետք է գիտակցենք, որ միայն օրինակելի վարքագծի դրսևորմամբ կարելի է նվազեցմամբ կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել հնարային ծառայության նկատմամբ վստահության մակարդակը և հասնել առողջ երկխոսության՝ պետական կառավարման բոլոր օղակների միջև:
Վարքագծի կանոնների նկատմամբ հսկողությունը և խախտումների դեպքում պատասխանատվության ենթարկելու միջոցների հետևողական կիրառումը, ըստ փոխվարչապետի գրասնյակի ներկայացուցչի, հնարավորություն կտա ապահովելու բարեվարք վարքագծի արմատավորումը հանրային ծառայողների, պետական պաշտոն զբաղեցնող անձանց գիտակցության մեջ:
Էդգար Մկրտչյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար - Վարքագծի կանոնների սահմանումը հնարավորություն կտա կոդիֆիկացնել հանրային ծառայողի և պետական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող մասնագիտական և էթիկական պահանջները՝ դրանով իսկ նպաստելով կառուպցիոն կանխարգելող պարտադիր վարքագծի կանոնների ամրապնդմանը:
Պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում անհատական մոտեցում է ցուցաբերվելու: Ըստ առաջարկվող փոփոխության՝ նախազգուշացումից մինչև աշխատանքից ազատում, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառույթը վերապահված է կառույցի ղեկավարին: Առաջին փորձարկումները նախատեսում են ապրիլին: