Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի հատկացնել 31,800.0 հազ. դրամ՝ Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ Աշոտաբերդ թաղամասը կառուցվել է 1988 թ. դեկտեմբերի 7- ի Սպիտակի երկրաշարժից հետո: Թաղամասում առկա են թվով 24 բազմաբնակարան փայտյա շենքեր՝ 296 բնակարաններով, որոնք շահագործման են հանձնվել 1989-ից և հատկացվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին: Նախորդ տարիներին ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից հավաքված տվյալների համաձայն՝ նշված բնակարաններից 126-ը սեփականաշնորհված բնակարաններ են, իսկ 170-ը՝ համայնքային սեփականություն հանդիսացող:
Այդ շենքերի համար նախատեսված է եղել 25 տարվա շահագործման ժամկետ: Բացի դրանից՝ նշված շենքերի պահպանման համար պարտադիր պայման է եղել փայտյա կոնստրուկցիաների պաշտպանիչ միջոցառումների իրականացման աշխատանքների ապահովումը, ինչը չի կատարվել, և տարիների շահագործման ընթացքում վերոհիշյալ շենքերի բնակարանները դարձել են բնակվելու համար ոչ պիտանի:
Ըստ այդմ՝ վթարային այդ շենքերի բնակիչների կյանքի անվտանգության ապահովումը գնահատվում է որպես օրակարգային խնդիր: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է 2022 թ. Աշոտաբերդ համայնքում թվով 10 բազմաբնակարան նոր շենքերի կառուցման նախագծային աշխատանքների մեկնարկ և ֆինանսավորում, որը հիմք կլինի 2023 թ. շինարարական ծրագրի փուլային իրագործման համար: