ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը աֆրիկյան պետություններ կատարած պաշտոնական այցից Թուրքիա վերադառնալու ճանապարհին, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Yenişafak լրատվականի հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Էրդողանը Հայաստանի հետ վերջին շրջանում սկսված բանակցային գործընթացից, նա պատասխանել է, որ տարածաշրջանը կարիք ունի խաղաղության, կայունության ու բարեկեցության: «Այս գիտակցումով մեր երկրի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար անկեղծ ջանքեր գործադրեցինք: Գոհ ենք նաև մեզ հետ կարգավորման գնալու Հայաստանի ցուցաբերած կամքից»,- նշել է Էրդողանը և հավելել, որ եթե Հայաստանը հատուկ ներկայացուցիչների նշանակումով սկսված գործընթացը շարունակելու հարցում վճռական լինի, Անկարայի համար սահմանները փակ պահելու հարց չկա:
ՌԴ-Ն ԲԱՑ Է ԱԶՆԻՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի պաշտպանության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով դիմել է ժողովրդին՝ անդրադառնալով նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությանը: «Մենք տեսնում ենք, թե որքան բարդ է միջազգային իրադրությունը, և ինչ վտանգներ են պարունակում առկա մարտահրավերները, այնպիսիք, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկողության համակարգի քայքայումը և ՆԱՏՕ-ի ակտիվությունը»,- նշել է Կրեմլի առաջնորդը: Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը բաց է ուղիղ և ազնիվ երկխոսության համար, բայց միաժամանակ կշարունակի հզորացնել և արդիականացնել բանակն ու նավատորմը, բարձրացնել դրանց մարտունակությունը:
ԱՐՁԱԳԱՆՔ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ-2»-Ի ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆԸ
Բեռլինում Ռուսաստանի դեսպանն արձագանքել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կողմից «Հյուսիսային հոսք-2» գազատարի հավաստագրումը չեղարկելու որոշմանը: Սերգեյ Նեչաևը հույս է հայտնել, որ Գերմանիայի իշխանությունների որոշումը ժամանակավոր է. դեսպանի խոսքով՝ նախագիծն անհրաժեշտ է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։ Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը հաստատել էր, որ երկրի էկոնոմիկայի նախարարությունը հետ է կանչել իր եզրակացությունը «Հյուսիսային հոսք-2» գազատարի հավաստագրման գործընթացի շրջանակներում։
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԿՈՒՆԵՆԱՆ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր հեռախոսազրույց կունենան: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստվում է բանակցություններ վարել Պուտինի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Թուրքիայի նախագահը երկու հարևան պետությունների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման հույս էր հայտնել: «Թուրքիան կարևորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչը ես անձամբ եմ ընդգծել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում»,- նշել է Էրդողանն ու հավելել, որ Անկարան չի ճանաչում և չի էլ ճանաչի Մինսկի պայմանավորվածություններին հակասող որևէ նախաձեռնություն։ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել անել այն ամենը, ինչ կախված է Թուրքիայից՝ դիվանագիտական և երկխոսության ճանապարհով ճգնաժամը լուծելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ
Ուկրաինայում արտակարգ դրություն կհայտարարվի՝ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավարը: Նախատեսվում է արտակարգ դրություն է մտցվում բոլոր շրջաններում. Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում այդ ռեժիմն գործում է դեռ 2014 թվականից։ Արտակարգ դրություն մտցնելու որոշումը պետք է վավերացվի Ռադայի կողմից. քվեարկությունը կկայանա այսօր: Նախատեսվում է արտակարգ դրության ռեժիմը կտևի 30 օր:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում պատերազմի վտանգի կապակցությամբ: Պոնտիֆիկոսը նշել է, որ չնայած վերջին մի քանի շաբաթների դիվանագիտական ջանքերին, ավելի ու ավելի տագնապալի սցենարներ են նշմարվում: «Հերթական անգամ բոլորին պատկանող խաղաղությանը սպառնում են կուսակցական շահերը»,- նշել է Հռոմի Պապը: Նա հավատացյալ աշխարհին առաջարկել է մարտի 2-ը Մոխրոտ չորեքշաբթին, դարձնել խաղաղության պահքի օր։
ԻՐԱՆ-ԿԱՏԱՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
Իրանը Կատարի հետ ստորագրվել է համագործակցության 14 համաձայնագիր՝ Կատարից վերադառնալուց հետո Իրանի նախագահը ներակայացրել է այցի արդյունքները: Այցը տեղի է ունեցել Իրանի հարևանության քաղաքականության շրջանակում, երկու հիմնական նպատակով՝ «հարևանների հետ փոխվստահության և համագործակցության բարձրացում» և «տարածաշրջանի տնտեսության ու առևտրի մեջ Իրանի մասնաբաժնի ավելացումը»։ Անդրադառնալով Կատարում գործարարների հետ իր հանդիպմանը՝ Ռայիսին նշել է. «Գործարարները հետաքրքրված են Իրանում տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներով»։ Խոսելով գազ արտահանող երկրների գագաթնաժողովի շրջանակներում իր հանդիպումներին՝ Իրանի նախագահը մանրամասնել է, որ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և համագործակցությունը տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։