Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին: Քըլըչի հետ հանդիպմանը ներկա է եղել Թուրքիայի ԱԳ նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Այշե Ուզերը: Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ: Պատրիարք Մաշալյանն ընդգծել է, որ աջակցում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին, և համոզմունք հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունները չեն սահմանափակվի երկու երկրներով ու քաղաքներով, այլև խաղաղության ու անդորրության մթնոլորտ կձևավորեն ամբողջ տարածաշրջանում՝ դուռ բացելով տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումների համար:
*****
Ռեջեփ Թայիփ Էրդողանն աֆրիկյան պետություններ կատարած պաշտոնական այցից Թուրքիա վերադառնալու ճանապարհին, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Yenişafak լրատվականի հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Էրդողանը Հայաստանի հետ վերջին շրջանում սկսված բանակցային գործընթացից, պատասխանել է, որ տարածաշրջանը կարիք ունի խաղաղության, կայունության ու բարեկեցության: «Այս գիտակցումով մեր երկրի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար անկեղծ ջանքեր գործադրեցինք: Գոհ ենք նաև մեզ հետ կարգավորման գնալու Հայաստանի ցուցաբերած կամքից»,- նշել է Էրդողանը և հավելել, որ եթե Հայաստանը հատուկ ներկայացուցիչների նշանակումով սկսված գործընթացը շարունակելու հարցում վճռական լինի, Անկարայի համար սահմանները փակ պահելու հարց չկա:
*****
Ուկրաինայի սահմանի լարվածության ֆոնին՝ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահնեհը: Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել է, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ քայլ և կարևորում է Մինսկի համաձայնագրերի հիման վրա հետագա գործողությունների մշակումը: Նախագահներն անդրադարձել են նաև Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման թեմային: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ընդունում Դոնբասի կազմավորումների անկախությունը ճանաչելու Մոսկվայի որոշումը:
Իրավիճակի սրումը ոչ ոքի օգուտ չի բերի՝ հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ Անկարան հորդորում է շարունակել խնդրի կարգավորման դիվանագիտական փորձերը: Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը հիասթափություն է հայտնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի արձագանքի կապակցությամբ: Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինն ամենամոտ ժամանակներում կայցելի Թուրքիա: Նա ռուս-ուկրաինական հակամարտությունը քննարկել է նաև Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունների ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի հետ հարաբերություններին:
*****
Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է պատժամիջոցների թեմային: «Չնայած երկար տարիներ մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտելուն ուղղված ջանքերի ակնհայտ անարդյունավետությանը՝ ԱՄՆ-ը կրկին բնազդաբար կիրառում է սահմանափակող գործիքներ, որոնք անարդյունավետ են ամերիկյան շահերի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի վարչակազմի հայտարարած պատժամիջոցների՝ արդեն թվով 101-րդ փաթեթը համահունչ է Ռուսաստանի ուղին փոխելու Վաշինգտոնի անդադար փորձերին։ Մոսկվան հայտարարել է, որ պատժամիջոցներին կտրվի խիստ պատասխան: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «առաջին տրանշի» մասին։
*****
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի պաշտպանության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով դիմել է ժողովրդին՝ անդրադառնալով նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությանը: «Մենք տեսնում ենք, թե որքան բարդ է միջազգային իրադրությունը, և ինչ վտանգներ են պարունակում առկա մարտահրավերները, այնպիսիք, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկողության համակարգի քայքայումը և ՆԱՏՕ-ի ակտիվությունը»,- նշել է Կրեմլի առաջնորդը: Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը բաց է ուղիղ և ազնիվ երկխոսության համար, բայց միաժամանակ կշարունակի հզորացնել և արդիականացնել բանակն ու նավատորմը, բարձրացնել դրանց մարտունակությունը:
*****
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որից հետո երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայում արտակարգ դրություն կհայտարարվի: Նախատեսվում է արտակարգ դրություն մտցնել բոլոր շրջաններում. Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում այդ ռեժիմը գործում է դեռ 2014 թվականից։ Արտակարգ դրություն մտցնելու որոշումը պետք է վավերացվի Ռադայի կողմից:
*****
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է զինված ուժերի պահեստազորայինների հավաք։ Զելենսկին ընգծել է, որ խոսքը բացառապես օպերատիվ պահեստազորում ներառված քաղաքացիների մասին է: Նախագահի համոզմամբ՝ ընդհանուր զորահավաքի կարիք դեռ չկա։ Նրա խոսքով՝ պահեստազորայինները պետք է բարձրացնեն ուկրաինական բանակի պատրաստվածությունը՝ բոլոր հնարավոր փոփոխությունների համար։