Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասել է, որ երկրի համար այս հատուկ ժամանակահատվածում պահեստազորայիններին զորակոչելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Մենք պետք է բարձրացնենք ուկրաինական բանակի պատրաստվածությունը օպերատիվ իրավիճակում հնարավոր բոլոր փոփոխությունների համար»,- ասել է Զելենսկին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ առաջիկայում կանցկացվի նաև պահեստազորայինների ուսումնական հավաք տարածքային պաշտպանության համակարգի շրջանակում։ Նախագահը նաև նշել է, որ առայժմ ընդհանուր մոբիլիզացիայի կարիք չկա:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրում մեկնարկելու է տնտեսական հայրենասիրության ծրագիրը, որի շրջանակներում կկրճատվի բիզնեսի և բանկային համակարգի հարկային բեռը, ԱԱՀ-ն բենզինի և դիզվառելիքի նկատմամբ։ Զելենսկին նախատեսել է հանդիպել ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ուկրաինական բանակին օգնելու համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու հարցով։