Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը փետրվարի 23-ին ընդունել է «Փախստական կանանց միավորում» հասարակական կազմակերպության անդամներին: «Փախստական կանանց միավորում» հասարակական կազմակերպությունը միավորում է 1988-1990թթ․ Ադրբեջանի ԽՍՀ տարբեր բնակավայրերից փախստական դարձած և Արցախում ապաստանած անձանց։
Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները, փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները, որոնք, մասնավորապես, կապված են այդ անձանց բնակարանային ապահովության, նրանց սոցիալական աջակցության, պետության կողմից իրականացվող տարբեր աջակցության ծրագրերից դուրս մնալու հարցերի հետ։
Անդրադարձ է կատարվել փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը միջազգային հանրության, մասնավորապես, փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների ուշադրությանը մշտապես ներկայացնելու անհրաժեշտությանը։
Պաշտպանն ընդգծել է հասարակական կազմակերպության դերը փախստականների իրավունքների պաշտպանության և նրանց խնդիրների բարձրաձայնման հարցում և պատրաստակամություն հայտնել Պաշտպանի իրավասությունների շրջանակում համակարգված և հետևողական աշխատանք տանել այդ խնդիրների լուծմանն աջակցելու համար, ինչպես նաև շարունակել համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ: