Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գազի բալոն տեղադրող և ճնշափորձարկում իրականացնող 5 ընկերություն ստացավ առաջին լիցենզիաները. 2-ը՝ Երևանում, 2-ը՝ Շիրակի մարզում, 1-ը՝ Լոռիում: Եվս 3 նոր հայտ էլ այս պահին քննարկման փուլում է: Փետրվարի 18-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ այսուհետև Հայաստանում գազի բալոն կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները:
Խաչիկ Սողոմոնյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ) - Այսօրվանից սկսած՝ վարորդներն արդեն կարող են հետևել. նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվեն այն ընկերությունների անունները, որոնք ստացել են լիցենզիա, և նրանց գործունեության հասցեները, և նրանք արդեն կարող են այդ ընկերություններում իրենց գազաբալոնները օրինական փորձարկել և ստանալ վկայագրերը:
Խոսքը երկու տեսակի ավտոգազի՝ մեթան և պրոպան, կամ այլ կերպ ասած՝ օդ և հեղուկ գազի մասին է: Վարորդներն արդեն իսկ պետք է սկսեն փորձարկման գործընթացը, գազալցակայաններն էլ, չտուգանվելու համար, ունեն անցումային ժամանակաշրջան:
Խաչիկ Սողոմոնյան - Օգոստոսի 1-ից, ավելի կոնկրետ՝ այն գազաբալոնները, որոնք վկայագրում չեն անցել, չեն ստացել վկայագրերը, չեն լիցքավորվի: Դա չի նշանակում, որ չպետք է վկայագրեն. այդ ժամանակը նախատեսված է, որ գործընթացն ավելի սահուն տեղի ունենա:
Միասնական շտեմարանում մուտքագրվելու են այն բոլոր մեքենաների տվյալները, որոնք լիցենզավորված ընկերությունում փորձարկում են անցել: Շտեմարանը հասանելի է լինելու բոլոր գազալցակայաններին, վարորդներին, նաև պարեկային ծառայությանն ու ճանապարհային ոստիկանությանը, որոնք ևս վերահսկելու են: Օրեր առաջ կայացել է միասնական շտեմարանի ստեղծման մրցույթը, արդեն հաղթող ընկերություն կա:
Խաչիկ Սողոմոնյան - Մոտ երկու շաբաթից կունենանք պայմանագիր ընկերության հետ, և երբ կնքվի պայմանագիրը, հաղթող ընկերությունը 50 օրվա ընթացքում պետք է ստեղծի շտեմարանը:
Մինչև շտեմարանի գործարկումը, լիցենզավորված ընկերությունները վկայագրերը կհանձնեն թղթային տարբերակով, գործարկումից հետո արդեն բոլոր մեքենաների տվյալները ընկերությունները կմուտքագրեն ընդհանուր համակարգ: